Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կարգադրել է Կիևում աշխատող իր դիվանագետներին ու նրանց ընտանիքի անդամներին՝ հեռանալ Ուկրաինայից` Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի պատճառով:
Վաշինգտոնը նաև հորդորել է Ամերիկայի քաղաքացիներին՝ զերծ մնալ ուղևորություններից դեպի Ուկրաինա, ընդգծելով`Մոսկվան կարող է հարձակումը սկսել ցանկացած պահի:
«Մենք շարունակում ենք առաջ շարժվել դիվանագիտության ճանապարհով, սակայն եթե Ռուսաստանն ընտրի հետագա սրացման տարբերակը, անվտանգային վիճակը կդառնա անկանխատեսելի և կվատթարանա՝ առանց նախազգուշացման հատկապես Ուկրաինայի սահմանային շրջաններում, Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում ու նրա վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններում», - երեկ հայտարարել է Պետքարտուղարությունը:
Լոնդոնը նույնպես որոշել է դուրս բերել դեսպանատան աշխատակիցներին
Լոնդոնը նույնպես որոշել է Ուկրաինայից դուրս բերել դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների մի մասին, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, միաժամանակ ընդգծելով՝ բրիտանական դեպանատունը կշարունակի աշխատանքը Կիևում:
Անցած շաբաթ The New York Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակցին, հայտնել էր, որ Ուկրաինայից դուրս գալու հրահանգներ են ստացել նաև Ռուսաստանի երկու հյուպատոսություններում:
Ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքում է տարհանման մասին տեղեկությունները՝ պնդելով, թե Կիևի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով:
Կրեմլն իր հերթին մեղադրում է Արևմուտքին ու Ուկրաինային
Իրավիճակը Ուկրաինայի շուրջ մնում է չափազանց լարված, արևմտյան երկրների իշխանություններն ամենօրյա ռեժիմով կոչ են անում Ռուսաստանին չգնալ ագրեսիայի: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր նախազգուշացրել է` Ուկրաինա ներխուժումը ցավոտ, դաժան և արյունալի գործընթաց կդառնա Ռուսաստանի համար` համեմատելով այն նոր Չեչնիայի հետ: Կրեմլը լարված իրավիճակի համար մեղադրում է արևմտյան երկրների և Ուկրաինայի իշխանություններին և իր հերթին հայտարարում, թե նրանք հարձակում են ծրագրում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների դեմ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Դոնբասում Ուկրաինայի զինված հարձակման սպառնալիքն այժմ շատ բարձր է. «Ուկրաինայի իշխանությունները մեծ քանակությամբ ուժեր և միջոցներ են կենտրոնացնում շփման գծում: Իրոք, այդ համակենտրոնացման բնույթը խոսում է հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին, և իրոք, նման սպառնալիք այժմ կա»:
Պեսկովի խոսքով` Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումն ավելորդ անգամ ոգեշնչում է Կիևի «թեժ գլուխներին» այդ գործողությունը սկսելու համար, իսկ ռազմական սադրանքի սպառնալիքն աճում է:
Իրավիճակը տեղում սրվել է անցած տարվա նոյեմբերից, երբ Արևմուտքը, հղում անելով հետախուզությանը, հայտարարեց, թե Ռուսաստանը նոր ագրեսիա է նախապատրաստում Ուկրաինայի դեմ։ Մոսկվան պնդում է՝ նման ծրագրեր չունի և հազարավոր զինվորների տեղաշարժը բացատրում է զորավարժություններով։
Վերջին օրերին նույն պատճառաբանությամբ Մոսկվան հավելյալ ուժեր և սպառազինություն է տեղափոխում նաև Բելառուսի տարածք, որտեղ փետրվարին պետք է անցնեն ռուս-բելառուսական զորախաղեր։
Արևմուտքը փորձում է զսպել Մոսկվային
Միացյալ Նահանգները և Եվրոպան հայտարարել են, որ պատրաստ են աննախադեպ կոշտ պատժամիջոցներ կիրառել, եթե ռուսական զորքերը անցնեն Ուկրաինայի սահմանը։
Ուկրաինայի իշխանությունները կոչ են անում արևմտյան գործընկերներին՝ չսպասել ռուսական հարձակմանը և մինչ այդ արդեն անցնել պատժամիջոցների: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն, ասում է, թե կանխարգելիչ պատժամիջոցները կթուլացնեն դրանց ազդեցությունը: «Պատժամիջոցների նպատակն է զսպել ռուսական ագրեսիան։ Ուստի, եթե դրանք հիմա սահմանվեն, մենք կկորցնենք դրանց զսպող ազդեցությունը», - ասել է Բլինքենը։
Այս փուլում Վաշինգտոնը լրացացուցիչ ֆինանսական ու պաշտպանական օգնություն է տրամադրում Կիևին՝ անվտանգության ոլորտը բարելավելու համար։ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին է ամրապնդում պաշտպանությունը՝ լրացուցիչ նավեր ու կործանիչներ ուղարկելով Արևելյան Եվրոպա․ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքի համաձայն, Դանիան, մասնավորապես, ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով և մտադիր է չորս F-16 կործանիչներ ուղարկել Լիտվա։ Իսպանիան նավեր Է ուղարկում՝ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը: Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո զորքեր ուղարկել Ռումինիա։ Միացյալ Նահանգները ևս ակնարկել է, որ դիտարկում է Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան մասում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման հնարավորությունը։
Մոսկվան, մինչդեռ, դեկտեմբերից պահանջում է Վաշինգտոնից ու ՆԱՏՕ-ից՝ գրավոր երաշխիքներ, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Վաշինգտոնը հակադարձում է՝ որևէ մեկը, այդ թվում` Կրեմլը, չի կարող այս հարցում սեփական կամքը թելադրել:
ԱՄՆ նախագահ Ջո Բադենը միաժամանակ, օրեր առաջ հայտարարեց, որ այսպես թե այնպես Ուկրաինան առաջիկա տարիներին դաշինքին չի անդամակցի, քանի որ չի կատարել անհրաժեշտ բարեփոխումները։ Կողմերը մի քանի բարձր մակարդակի հանդիպում էին ունեցել, առայժմ`անարդյունք:
Անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակավ առաջ քաշեց ևս մեկ հարց`պահանջելով, որ ՆԱՏՕ-ն իր ենթակառուցվածքներն ու սպառազինությունը դուրս բերի Ռումինիայից և Բուլղարիայից՝ վերադառնալով 1997-ի սահմաններին։ Ռազմական դաշինքում այս պահանջներն անընդունելի են համարում: