Հայաստանը շարունակելու է դիվանագիտական միջոցներով աշխատել խնդրի լուծման ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստից հետո այսպես արձագանքեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» հարցին, թե ինչ է ձեռնարկելու պաշտոնական Երևանը, եթե Բաքուն մերժի սահմանագոտում իրավիճակի կարգավորման Հայաստանի առաջարկները։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ընդգծեց՝ Երևանը գրավոր է ներկայացրել առաջարկները և ակնկալում է գրավոր արձագանք. - «Պետք է շարունակել դիվանագիտական և քաղաքական միջոցներով փորձել խնդրին լուծում գտնել»։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ երեկ Վիեննայում կայացած հանդիպմանը Բայրամովը միաժամանակ նշել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։
Ադրբեջանի արտգործնախարարին այսօր արձագանքեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը՝ «Արմենպրեսին» հայտարարելով, որ հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի։
Խոսքը, ըստ Վահան Հունանյանի, պայմանավորվածությունները իրագործելու մասին է. - «Զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»:
Երեկ Ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը որոշ դետալներ բացահայտեց, թե Երևանը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված ինչ առաջարկներ է ներկայացրել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Դրանց մասին առաջին անգամ բարձրաձայնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտ մեկ շաբաթ առաջ։
Միրզոյանը խոսեց խորհրդային սահմաններով զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մասին։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ընդգծեց, որ Երևանի առաջարկությունները վերաբերում են սահմանին այնպիսի իրավիճակի ձևավորմանը, որը բարենպաստ պայմաններ կստեղծի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի համար։
«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, նաև էնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը անցնել», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Բաքվից գրավոր արձագանք դեռ չեն ստացել. - «Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»։
Արմեն Գրիգորյանը բացառեց, որ զորքերի հայելային հետքաշման դեպքում հայաստանյան որևէ բնակավայր կհայտնվի, այսպես կոչված, չեզոք գոտում, քանի որ սահմանին մոտ գտնվող բնակվայրերի պարագայում հայաստանյան սահմանապահ ուժերը տեղակայվելու են այդ բնակավայրերի ու սահմանի միջև. - «Զորքերի հետքաշումն ու սահմանազատում-սահմանագծումը դրանք նույն բաները չեն լինելու։ Օրինակ, Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզների հիմքով զորքերի հետքաշում ա լինելու։ Իսկ սահմանազատում-սահմանագծումը պետք է դեռ երկար պրոցես անցնի»։
Սահմանազատման խնդիր Հայաստանը չունի փաստորեն միայն Թուրքիայի ու Իրանի հետ, որոնց դեպքում գործում է ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած պետական սահմանը։ Վրաստանի հետ սահմանզատման գործընթացը շարունակվում է տարիներ։