Իրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և իր տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրանի նախագահի խոսքերը հնչում են Հայաստան-Ադրբեջան ընթացող և Հայաստան-Թուրքիա սպասվող բանակցությունների ֆոնին, երբ Երևանն ու Բաքուն, փաստորեն, սկսել են պայմանավորվել հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ՝ առայժմ հայտարարելով երկաթուղու վերաբացման մասին, իսկ հայ-թուրքական հարաբերություններին էլ սպասվում են նորմալացմանը միտված բանակցություններ։
Ուշագրավ է նաև, որ Իրանը նման բարձր մակարդակով է իր աջակցությունը հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը նման մակարդակով և հստակությամբ խուսափում է անել, օրինակ, Երևանի դաշնակից համարվող և հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ Ռուսաստանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային քաղաքականություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է։ Այդ առումով Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և այդ երկրի տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,- Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է Ռայիսին:
Նշելով` այս տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր, Իրանի նախագահը միաժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթացը` տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու հույս հայտնելով և կարևորելով ապաշրջափակումը:
Այս տարվա մայիսից, ինչ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ գլխավորապես Սյունիք, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակ խոսում էր Բաքուն Նախիջևանին կապող միջանցքի մասին, պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ որ հայտարարեց իր համար գոյություն ունեցող «կարմիր գծի»՝ տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Միաժամանակ Իրանը անցած սեպտեմբեր-հոկտեմբերին լայնածավալ մի քանի զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների մոտ։
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց` Իրանի կողմից նախագահի մակարդակով նման հայտարարությունը պարզորոշ ցույց է տալիս, որ Թեհրանի համար այս հարցն ունի ռազմավարական նշանակություն։ «Այսինքն, այն, որ Իրանը պատրաստ չէ որևէ փոփոխություն տեսնել տարածաշրջանում սահմանային առումով, միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով, ես կարծում եմ՝ դա շատ կարևոր է։ Վերջին նաև Իրանի քայլը, որ արդեն Կապանում ծրագրում է ունենալ հյուպատոսարան, և հայկական կողմն էլ հայտարարեց, որ ինքը նման քայլի գնալու է», - ասաց Քեշիշյանը՝ ամփոփելով․ - «Այնուամենայնիվ, Իրանը գիտակցել է, որ շատ կարևոր բան կարող է կորցնել Հայաստանի սահմանը կորցնելով, և դրա համար որոշակի և հստակ քայլեր է վերցնում, որը, կարծում եմ, որ պետք է հայկական կողմը շատ դրական և լավ դրան արձագանքի»։
Ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը չի ներկայացրել Իրանի նախագահի խոսքերը Հայաստանով անցնող ճանապարհների նկատմամբ Երևանի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության մասին, ինչը, անշուշտ, կարևոր է Հայաստանի տեսանկյունից։
Փոխարենը, Կառավարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, քննարկել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: