Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ստացել և մերժել են վարչապետի՝ փակ հանդիպման առաջարկը


Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանից փակ հանդիպման առաջարկ են ստացել՝ քննարկելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, սակայն մերժել են։ Այս մասին ասված է այսօր երկու խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Նրանք հայտնել են, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր խմբակցություններին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկ և երկու խմբակցությունները վերահաստատել են իրենց դիրքորոշումը փակ հանդիպումների աննպատակահարմարության վերաբերյալ։

«Այս ընթացքում իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ գաղտնի բանակցություններ են վարում՝ առաջ մղելով բացառապես իրենց հակաժողովրդական օրակարգը։ Հայ ժողովրդին հուզող հարցերի շուրջ փակ հանդիպման ձևաչափն անընդունելի է», - ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին մեկ ամսվա ընթացքում երեք հանդիպում են ունեցել․ առաջինը Սոչիում էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի միջնորդությամբ , մյուս երկուսը՝ Բրյուսելում՝ նախ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջնորդությամբ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ Ավելի ուշ հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։

XS
SM
MD
LG