Մատչելիության հղումներ

Փաշինյանը ստում է, միջանցք է տալու Ադրբեջանին. ընդդիմադիր պատգամավոր


Անկասկած Փաշինյանը սուտ է ասում, ճանապարհը տալու է ադրբեջանցիներին, «Ազատություն» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ պնդեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից պարբերաբար նշվող «Զանգեզուրի միջանցքից»:

Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարածից բազմաթիվ անգամ տարբեր գործողությունների են դիմել, ասաց Խաչատրյանը՝ շեշտելով՝ իրենք [Հայաստանի իշխանությունները] հաստատ գնալու են միջանցք բառի խիստ էկլեկտիկ մեկնաբանության՝ սա միջանցք է, թե միջանցք չէ։

«Բայց այն, որ քննարկվում է ենկաթգծային, իսկ հետո կքննարկվի նաև ավտոմոբիլային, ի դեպ, դրա մասին էլ ակնարկ եղավ, դա ակհայտ է, և այնտեղ իրենք կփոխանցեն ճանապարհի մի մասը՝ այդ 40 կիլոմետրը Ադրբեջանին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Ինքն [Նիկոլ Փաշինյանը] իհարկե կվերկենա, կխտտի, կպպտի, կասի՝ «չէ, դա մեր վերահսկողության տակ է, թող գնան», բայց եթե ճանապարհի էդ հատվածը հատուկ կարգավիճակ չունենար, ինքն առանձին չէր նշվի։ Եթե բոլոր ճանապարհներն ապաշրջափակվում են, դա նշանակում է, որ այսօր դուք կարող եք նստեք մեքենա և քշեք, գնաք հասնեք, օրինակ, Մինգեչաուր։ Եթե ճանապարհները ապաշրջափակում են, ադրբեջանցիները կարող են նստեն մեքենա, Սումգայիթից գան հասնեն Օրդուբադ, կամ գնացք նստեն, գան հասնեն Օրդուբադ»։

Հարցին, թե ընդհանրապես որքանո՞վ է հիմնավոր քաղաքականապես մոտեցումը, որ ամեն հարցում առաջնորդվել այն սկզբունքով, որ Փաշինյանը ստախոս է, Խաչատրյանը պատասխանեց․ - «Աչքը տեսածից է վախենում։ Այսինքն, Դուք նայեք՝ մարդն ինչ է խոսք տվել և ինչ է արել այս վերջին չորս տարիների ընթացքում․ ասում էր՝ «բանակցություններ չկան», հետո ասում ես՝ «լավ եթե բանակցություններ չկան, Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը Ժնևում, թե Վիեննայում, լավ չեմ հիշում, 6 ժամ ինչի՞ց են խոսել, ասում է՝ «դա բանակցություն չէր, դա զրույց էր»։ 6 ժամ մարդիկ ինչի՞ շուրջ են զրուցում։ Հետո ասում էր՝ «ես զրոյական կետից եմ սկսել», իսկ վերջերս ասում էր՝ «ծանր ժառանգություն եմ ստացել»։

44-օրյա պատերազմին հաջորդած բանակցություններից և դեկտեմբերի 15-ին բրյուսելյան հանդիպումներից հետո, հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։

«Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո:

Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո, հիշեցնենք, Շառլ Միշելը հայտարարեց, թե Փաշինյանին ու Ալիևին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն է․ մինչ Բաքուն Ադրբեջանը Նախիջևանին կապող, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ծրագրում, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»:

Ուշագրավ է, որ բրյուսեյան բանակցություններից օր առաջ Ադրբեջանի նախագահն, իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում, հայտարարել էր, թե Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում:

Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG