Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքական մեկնաբանների, սխալ էր խաղաղապահ զորքերի կազմում Ղազախստան հայ զինվորներ ուղարկելը


Իսկ ինչ վերաբերում է առհասարակ ՀԱՊԿ մեխանիզմի կիրառմանը, Արմեն Բաղդասարյանը չի կարծում, թե Հայաստանն այլ ընտրություն ուներ։

Սխալ էր Ղազախստան խաղաղապահ զորքերի կազմում հայ զինվորներ ուղարկելը, «Ազաատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ նշելով՝ Հայաստանը կարող էր և պետք է տարբեր պատճառաբանություններով զինվոր չուղարկեր Ղազախստան։

Իսկ ինչ վերաբերում է առհասարակ ՀԱՊԿ մեխանիզմի կիրառմանը, Բաղդասարյանը չի կարծում, թե Հայաստանն այլ ընտրություն ուներ։

«Ամեն դեպքում, այդ խաղաղապահ ուժերը Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ մտան այնտեղ, բայց չեմ կարծում, թե այդտեղ Հայաստանն ընտրություն ուներ և Նիկոլ Փաշինյանը կարող էր դա մերժել կամ ձգձգել։ Կարծում եմ՝ նրա կարծիքը որևէ մեկը չէր էլ հարցնում, նրան ուղղակի հրահանգել էին, նա էլ արել էր։ Այդտեղ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր դիմադրել։ Հայաստանն, այո, ցավոք սրտի, ամբողջությամբ կախված է Ռուսաստանից», - ասաց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Բայց, երբ ես խոսում եմ վտանգների մասին, օրինակ, երբ 100 հայ զինվորներ գտնվում են Ղազախստանում, մենք չենք կարող բացառել նաև պրովոկացիաները տարբեր բնույթի, և հենց հատկապես հայ զինվորների նկատմամբ, որովհետև այնտեղ հայտնի չէ, թե ինչ է կատարվում և ինչպես դա կանդրադառնա էսօր Հայաստանի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հանրաբերություններ հանրագումարի վրա»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով էլ, եթե Հայաստանը որևէ կերպ արգելակեր ՀԱՊԿ մեխանիզմի գործի գցումը, դա կնշանակեր, որ Հայաստանը ստեղծում է Ղազախստանում Ռուսաստանի պարտության խնդիրներ։

«Դա չափազանց ծանր հետևանք կարող էր ունենալ, հատկապես, եթե նկատի ունենք, թե ինչ ուժեր էին այդ դեպքում ստանում շահելու մեծ հավանականություն, ես նկատի ունեմ հենց էդ թյուրքալեզու շրջանակը, թյուրքալեզու օրակարգը, որ փորձում է առաջ մղել Էրդողանը», - ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Ղազախստան հայ զինվորներ ուղարկելուն, ապա ըստ մեկնաբանի, դա, մեղմ ասած, անցանկալի էր։

«Բայց կարծում եմ, որ այստեղ էլ, իրավիճակի բերումով, պարզապես չէր ընկալվելու, եթե նախագահող երկիրը որևէ զինվոր չի գործուղում, այսպես ասենք, խաղաղարար առաքելությանը, բայց այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ հայ զինվորները առավելագույնս իրենց ֆունկցիոնալ դերակատարմամբ այնտեղ հեռու մնան որևէ թեժ զարգացումից», - ասաց Բադալյանը։

Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին մասնավորապես Ալմաթիի օդանավակայանը:

Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Կասիմ-Ժոմարդ Տոկաևն «արտաքին ագրեսիայի ակտ» որակեց երկրում կատարվողը: Տոկաևի հայտարարությունից ժամեր անց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան:

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG