Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Ղազախստանում բացարձակ օրինական է:
«Խաղաղապահները մեկնել են այդ երկիր միայն այն բանից հեոո, երբ Ղազախստանում սպառվել են ճգնաժամը կարգավորելու ներքաղաքական հնարավորությունները, և ակնհայտ է դարձել արտաքին վտանգը»,- ասել է խոսնակը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում, որը YouTube-ով է հեռարձակվում:
Զախարովայի փոխանցմամբ, ՀԱՊԿ ուժերի տեղակայումը հստակ և օրինական արձագանք է Ղազախստանի ընտրված նախագահի նույնքան օրինական խնդրանքին:
«Միացյալ Նահանգները և Արևմուտքն այլևս չեն կարողացել ձևացնել, թե Ղազախստանում ինչ-որ խաղաղ բողոքի ակցիաներ են»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակը:
Հարցազրույցում նա խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին մեկնաբանությունները Ղազախստանի իրադարձությունների մասին: