Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու մտադրություն չունի։ Մինչ այս պահը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանի քաղաքացիների շրջանում տուժածներ չկան, տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարությունը։ Ղազախստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Ղազախստանի ամենամեծ Ալմաթի քաղաքում տասը տարուց ավելի ապրող և աշխատող հայ համայնքի ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, «Ազատությանը» պատմեց, որ քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Իրավիճակը շատ անկայուն է, այսինքն` տեղի են ունենում անկարգություններ, գողություններ, թալաններ խանութներում, առևտրի կենտրոններում, այրված մեքենաներ, երկու կողմերից էլ, ես ոնց հասկանում եմ, զոհեր կան: Ինտերնետ կապ գոյություն չունի, անջատված է` 3-4 օր է»:
Որոշակի ժամերին բաց են միայն մթերային փոքր խանութները, որտեղ առավելապես կանխիկ գումարով է առևտուր իրականացվում։ Հերթեր կան բանկոմատների մոտ, քանի որ մարդիկ ցանկանում են անկայուն այս փուլում կանխիկացնել իրենց խնայողությունները։ Քաղաքացիներն աշխատում են երեկոյան ժամերին տներից դուրս չգալ։ Երկրում ինչ-որ առումով ինֆորմացիոն բլոկադա է, ինտերնետ կապն անջատված է:
«Գիշերը մեր ինտերնետն էլ չաշխատեց, իսկ անցած գիշեր` ժամը 00:40 տվեցին ինտերնետը մի 4 ժամով, ռադիոկապ ենք սնուցում, դրանք անջատված են, չեն աշխատում կամ ջարդված են: Չգիտեմ` դա է պատճառը, թե դա չի պատճառը, ես հեռուստատեսություն ընդհանրապես չեմ միացնում, չունեմ: Քանի որ շատերի հեռուստատեսությունն ուղիղ կապ ունի ինտերնետի հետ, նա, ով ունի, անտենայով է ստանում, չգիտեմ:
Երեկոյան ժամերին, կարծում եմ, վտանգավոր է դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում, այրվում են շենքեր` ադմինիստրատիվ շենքեր, կառավարական շենքեր, ցանկալի չի դուրս գալը: Ցերեկվա ժամերին շատ քիչ են ավտոմեքենաները փողոցներում, քանի որ ճանապարհների վրա հսկողություն չկա, շատերը վարում են առանց համարանիշների: Երկրում բացակայում է բենզինը, հաց չկա, հերթեր են խանութներում գոյանում: Ալմաթիի շրջանը փակ է, չեն թողնում մարդկանց գալ, Ալմաթի մտնել: Դուրս գալ, մտնել հնարավոր չէ, այսինքն` արգելափակումներ են սահմանված քաղաքացիների համար, որպեսզի ամբոխը չտարածվի, չշատանա, չընդլայնվի», - պատմեց Ալմաթի քաղաքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչը:
Հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ էլ փորձեցինք կապ հաստատել, սակայն դա մեզ չհաջողվեց։ Սոցիալական հարթակներում նրանք վերջին անգամ ակտիվ են եղել օրեր առաջ։
«Ազատության» զրուցակցի խոսքով` հայ համայնքի ներկայացուցիչները հիմնականում փորձում են չեզոքություն ցուցաբերել և հույս ունեն, որ առաջիկայում իրավիճակը երկրում կկայունանա։
Ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնական տվյաների` Ղազախստանում ապրում է շուրջ 25 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 60 հազար։ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հասնում է մոտ 15 միլիոն դոլարի։