Մատչելիության հղումներ

ԱԺ-ն «թուրք ագենտների բացահայտման հարթակ» է դարձել, օրենքներ չեն քննարկում. ԱԺ փոխխոսնակ


Հայ գերիների նկատմամբ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունն արդյոք չի՞ խոչընդոտում նրանց վերադարձի գործընթացին, չի՞ վնասում միջազգային ատյաններում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում այս հարցով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։

«Արդյոք Հայաստանի վարած քաղաքականությունը խանգարելու է Ձեզ միջազգային ատյաններում, որովհետև հայտնի է, որ Դուք միայն Եվրոպական դատարանում չէ, որ ներկայացնում եք Հայաստանի շահերը, և հետևաբար ի՞նչ եք անելու այս իրավիճակում, քանի որ ունենք նոր իրողություններ», - մասնավորապես հարցրեց պատգաամավորը:

Ադրբեջանական բանտերում գտնվող հայ գերիների մասին խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր օրեր առաջ սկանդալային հայտարարություն արել, թե նրանք դասալիքներ են, և այդ գերիները չկան իր համար։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն էր խոսել գերիների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու մասին: Ավելի ուշ քրեական հետապնդում սկսվեց հայաստան վերադարձած գերիների մի խմբի նկատմամբ, նրանք կալանավորվեցին։ Այս գործընթացներից օրեր անց՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը, խոսելով գերիներին վերադարձնելու մասին, հայտարարել է, թե եթե ավելի շատ գերիներ վերադարձնի Ադրբեջանը, ապա նրանք հնարավոր է` խոշտանգվեն հայաստանյան բանտերում։

«Ես ուզում եմ հետաքրքրվել` ձեր գործիքակազմերի մեջ արդյոք որոշակի փոփոխություն լինելու է գերիների վերադարձի մասով, ինչո՞ւ, որովհետև նախօրեին Ադրբեջանի նախագահը, հաշվի առնելով Հայաստանի վարած քաղաքականությունը գերիների վերաբերյալ, հայտարարել է, որ «երբ մենք վերադարձնում ենք նրանց Հայաստան, նրանց ձերբակալում են, հնարավոր է` խոշտանգեն», - հարցրեց Թագուհի Թովմասյանը:

«Ինչ ենք անելու, կարծում եմ` շարունակելու ենք նույն ձև աշխատել, ինչ որ արել ենք մինչև այս պահը, որևէ տարբերություն չկա մեր գործունեության մեջ: Երևի սահմանափակվեմ այսքանով», - արձագանքեց Եղիշե Կիրակոսյանը:

Նա Ազգային ժողովում ներկայացնում էր ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս նախագծով կանոնակարգվում է միջազգային ատյաններում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը։ Պատգամավորների հարցերը Կիրակոսյանին Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատների ու հայ գերիներին վերադարձնելու գործընթացի մասին էին։

Ազգային ժողովի դահլիճն աշխուժացավ Թովմասյանի հարցից: Իշխանական պատգամավորները վրդովվեցին, որ պատգամավորը մեջբերեց Ալիևի հայտարարությունը։ Գևորգ Պապոյանն ընդդիմադիր պատգամավորին մեղադրեց հակապետական գործելաոճի համար. «Ալիևի դեպքում, իհարկե, ամեն ինչ պարզ է. նա հայտարարություններ է հնչեցնում, որոնք, իհարկե, ոտից գլուխ սուտ են, բայց դրանց նպատակը մեկն է` գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ի շահ, բնականաբար, Ադրբեջանի: Բա Ձեր դեպքում ի՞նչն է, ինչո՞ւ եք կրկնում այն սուտը, որը Հայաստանի պետական շահերի դեմ է, ինչո՞ւ եք փորձում ստանձնել Ալիևի փաստաբանի, Ալիևի թարգմանչի դերը»:

Թագուհի Թովմասյանը հակադարձեց. «Այս ամբիոնից հնչել են բազմաթիվ անգամ` ամենաբարձր մակարդակով ադրբեջանահաճո հայտարարություններ, բայց այդ պաթոսը չենք զգացել: Երբ որ ադրբեջանական զինուժը ներխուժել էր Հայաստանի տարածք, և այստեղից հայտարարվում էր, որ դա ադրբեջանական է, ձեր պաթոսը չերևաց»:

Ընդդիմադիր պատգամավորի ձևակերպումը հունից հանել էր իշխանական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Արփի Դավոյանին, Մարիա Կարապետյանին։ Ըստ նրանց՝ Ալիևի խոսքերը մեջբերելն է խանգարելու միջազգային ատյաններում աշխատանքին։ Պահանջում էին, որ Թովմասյանը` որպես Աժ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, հերքի Ալիևի խոսքերը, թե հայաստանյան բանտեր տեղափոխված գերիներն այստեղ խոշտանգվում են։

«Երբ ձերբակալվում է կամայական մի ընդդիմադիր իբր հայացքներ ունեցող, իսկ իրականում կաշառակեր, փող ուտող ու ցանկացած մեկը, դատարանի առաջ մեխված եք լինում 5 րոպեի ընթացքում: Չե՞ք գնացել էդ գերիների դեպքում», - հարցրեց Վահագն Ալեքսանյանը:

«Իր դերակատարումը պետք է լիներ հերքելու նաև այդ ընդդիմադիր դիրքերից Ալիևի մեղադրանքները: Սա պարզ տրամաբանություն է», - նկատեց Մարիա Կարապետյանը:

Իշխանական պատգամավորների վրդովմունքը վերաբերում էր միայն մեջբերմանը, իսկ իրենց թիմակից, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ու գերիներին հայաստանյան բանտեր տեղափոխելուն չանդրադարձան։ Քննարկումը փոխադարձ մեղադրանքներով էլ սպառվեց, դրան արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը. «Հիմնականում այստեղ օրենքների հետ կապված հարցեր չեն քննարկվում, հիմնականում փոխադարձ մեղադրանքներ և թուրք ագենտների բացահայտման հարթակ է սա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG