Մատչելիության հղումներ

Գերությունից մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են


Ադրբեջանական գերությունից մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։

Տվյալ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է, մեղադրող դատախազը դիմել է վերաքննիչ դատարան։ Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ կալանավորված 4 զինծառայողներից մեկը եղել է դիրքի պատասխանատուն, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները։

«Մասնավորապես մարտական հերթափոխություն իրականացնող դիրքերի զինծառայողները տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնողներին։ Դիրքերի անձնակազմը նշված գործողությունները կատարելու փոխարեն, թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ», - մանրամասնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Քննչական կոմիտեից նաև փոխանցում են, որ դիրքերը թողած 5 զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ մայոր Երիմյանը խախտել է կանոնակարգն ինչի հետևանքով Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և գերեվարել դիրքում մնացած զինծառայողներին, մարտական դիրքն էլ անցել է հակառակորդին։

«Փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են: Նրանցից երեքի դիերը նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է», - ներկայացրեց Թադևոսյանը։

Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 16-ին արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի և ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր իր կողմից 7 զոհի և 10 վիրավորի մասին։

Դեկտեմբերի 4 ին Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել 10 հայազգի զինծառայողի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ոչ հրապարակային խոսքում ընդգծել էր՝ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ։

Ըստ իրավապաշտպանի, գերիները պետք է նախ ֆիզիկապես ու հոգեբանորեն կազդուրվեին

Թեև իշխանական պատգամավորները պնդում են, որ հայրենիք վերադարձած գերիների կալանավորումները կապ չունեն այս հայտարարությունների հետ ու դրանցում քաղաքական տարր չկա, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հակառակն է պնդում, համարելով դրանք կալանավորման ուղիղ ցուցում։ Ալեքսանյանն ասում է՝ Բաքվի բանտերում տառապած գերիները պետք է նախ ֆիզիկապես ու հոգեբանորեն կազդուրվեին:

«Ի՞նչ վիճակում են եղել, իսկ այդ մասին մեզ տվել են տեղեկություն, բնականաբար, պետք է հասկանանք, որ խոշտանգվել են, իսկ խոշտանգված զինվորին առանց հոգեբանական վերականգնողական հարցերի կարգավորման բերել, կալանավորել, ես համարում եմ, անմարդկային», - նշեց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանն իշխանություններին հարցնում է՝ իսկ կա՞ն բացատրություններ, թե ինչո՞ւ են հաճախ առաջնագծում հայտնվում ծառայության դեռ մեկ ամիսն անգամ չբոլորած զինծառայողները, արդյոք նրանց հասցրե՞լ են ֆիզիկապես ու հոգեպես պատրաստել՝ հակառակորդի մոտենալիս ինչպիսի՞ մարտ վարել, որ գերի չընկնեն։ Այս և մի շարք հարցեր, ըստ նրա, բաց են մնում:

«Բազմաթիվ դեպքեր ենք հանդիպել, երբ զինծառայողը 10 օր էր, որ զորակոչվել էր բանակ, մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, դեռ զենքի մասին գաղափար չուներ, բայց հայտնվել էին առաջնագծում, և այդքան զոհեր ենք ունեցել: Սա ի՞նչ վերաբերմունք է առհասարակ զինվորի նկատմամբ, ինչո՞ւ եք կալանավորում, այլ խափանման միջոց ընտրեիք, քննություն կատարեիք», - ասաց Ալեքսանյանը:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն ընդունում է, որ դիրքը թողնելը, կամովի գերի ընկնելը, օրինական հրաման չկատարելը ռազմական հանցագործություններ են ու պետք է պատշաճ քննվեն։ Բայց, ըստ իրավապաշտպանի, սա չպետք է հրապարակային արվի։ Սահակյանը կարծում է, որ օբյեկտիվ քննությամբ պետք է պարզվի նա՛և դիրքեր թողնելու և զենք չգործադրելու ապօրինի հրամաններ տված հրամանատարական կազմի ինքնությունը։

«Եթե սա բաց մնա՝ բարոյալքված բանակից բացի նա՛և կազմաքանդված բանակ կունենանք»,- ասաց Սահակյանը՝ հավելելով՝ այդուհանդերձ, գերիների կալանավորումն ազգային անվտանգության խնդիրներ կառաջացնի, կարող է ձգձգել մյուս գերիների վերադարձը։

«Ադրբեջանցիները մեր ռազմագերին նախկինում անառիկ կերպով բազմիցս համոզել են, որ նրանք անպետք են պետության համար, և պետք չէ վերադառնալ կամ առնվազն պետք է վերադառնալ երրորդ երկիր: Որոշ ռազմագերիներ, որպեսզի խուսափեն քրեական հետապնդումից կարող են նախընտրել երրորդ երկրներ հայրենադարձվելը: Սա ազգային անվտանգության տեսանկյունից ցանկալի երևույթ է, որովհետև երրորդ երկիր վերադարձած ցանկացած ռազմագերի կարող է ներգրավվել գործակալական ցանցում, և մեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից դա վերահսկելն էապես դժվար կլինի», - նշեց իրավապաշտպանը:

Հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սահակյանն ասում է, որ պաշտոնական տվայլներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են 60 հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 126 գերի։

Քննչական կոմիտեն այսօրվա հայտարարությունում նաև նշել էր, որ նոյեմբերի 16-ի արյունալի մարտերի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ է աչքի ընկել հայ դիրքապահ Գուրգեն Սարգսյանը, որը չի հանձնվել հակառակորդին, բացառիկ խիզախություն է դրսևորել՝ նռնակի օղակը քաշելով ինքն իրեն պայթեցրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG