Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ ադրբեջանական գերությունից վերադարձածների նկատմամբ հարուցված քրեական գործերից հետո Ադրբեջանում սպասողներից ոմանք չցանկանան հայրենիք վերադառնալ՝ նախընտրելով երրորդ երկիրը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար
«Դրա հնարավորույթունը կա և դրա հնարավորությունը եղել է և գործնականում կան դեպքեր, երբ իրացվել է այս ճանապարհով։ Այսինքն՝ մենք առնվազն մեկ դեպք ունենք, երբ գերին ոչ թե վերադարձել է Հայաստան այլ վերադարձել է երրորդ երկիր, և այն պայմաններում, երբ քրեական հետապնդումներ չեն իրականացվել վերադարձվածների», - ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպանը։
Ճշտող հարցին, թե Մարալից բացի այլ դեպք էլ է եղե՞լ, Սահակյանը պատասխանեց․ - «Այո, հենց ռազմագերու վերաբերյալ դեպք է, և այս գործելակերպի պայմաններում խիստ կանխատեսելի է, որ այս հայտարարությունները չարաշահվելու են Ադրբեջանի կողմից և նրանք ճնշումներ են գործադրելու, որ ռազմագերիներն, օրինակ, հրաժարվեն Հայաստան վերադառնալուց», - ասաց Սահակյանը։
Երրորդ երկիր վերադառնալը նաև կազմակերպական այլ բարդություններ է առաջ բերում, ասաց Սահակյանը՝ նշելով, օրինակ, թե որ երկիրրը կուզի ընդունել և ինչ պայմաններում, իսկ սա իրավապաշտպանի խոսքով, օբյեկտիվորեն կարող է ձգձգել հայրենադարձման գործընթացը։ «Օրինակ, Ադրբեջանը կարող է միջազգայնորեն հիմնավորել, որ գերիներից շատերը հրաժարվում են վերադառնալ, տեսնում են, որ հետապնդումների են ենթարկվում, ուստի մենք միջոցներ ենք ձեռնարկում՝ համագործակցելու երրորդ երկրների հետ և քննարկելու երրորդ երկիր փոխանցելու տարբերակները», - նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանը չի բացառում, որ Ադրբեջանը սկսի շահարկել նաև քաղաքական հետապնդման էլեմենտը՝ մարմասնելով՝ հետապնդումների մասին սկսեցին խոսել ոչ թե քննչական մարմիններն այլ քաղաքական գործիչները։
«Ոչ թե քննչական մարմինները մամուլի ասուլիս հրավիրեցին, կամ հողարդագրություն տարածեցին, որով հասարակությանը տեղեկացրեցին քննության արդյունքների մասին և խոսեցին մտահոգիչ երևույթի, օրինակ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների աճի, դրանցում գերիների ներգրավվածության մասին, այլ նախ եղավ քաղաքական հայտարարություն, պիտակավորեցին բոլորին անխտիր հանցագործներ և որից հետո սկսեց մեր քննչական ապարատը գործի լծվել և արդեն հրապարակային դաշտում ցուցանիշներ տալ», - ասաց Սահակյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև