Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ նրանց հայրենադարձման գործընթացի վրա, կարծում է միջազգային երկու հեղինակավոր դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Պաշտոնյան այս հարցին կարճ է արձագանքում. «Ընդհանուր պարզ է` հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակի, բայց ամեն դեպքում մենք մեր աշխատանքն իրականացնում ենք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցչին լրագրողները, մասնավորապես, խորհրդարանի նախագահի աղմկահարույց տեսագրությունն օրինակ բերեցին` ճշտելով, թե որքան են նման հայտարարությունները խոչընդոտում գերիների հայրենադարձմանը: Խոսքը ԱԺ խոսնակի հայտարարության մասին է: Ալեն Սիմոնյանն այցերից մեկի ժամանակ մասնավոր զրույցում հայտարարել էր, որ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են ու հայտնվել գերության մեջ։ Սիմոնյանը ենթադրաբար խոսում էր նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության ժամանակ գերեվարվածների մասին։
«Իրավական գործընթացներն ընթանում են անկախ մեր աշխատանքից»
Կիրակոսյանն անդրադառնում է նաև Հայաստան վերադարձած ու օրեր անց կալանավորված գերիների հարցին։ Նա չի կարծում, թե այդ քրեական գործերը որևէ կերպ խոչընդոտում են իրենց աշխատանքին. «Քրեական, իրավական գործընթացներն ընթանում են անկախ մեր աշխատանքից, եթե կան որոշակի հիմքեր, որով պետք է իրականացվի քրեական հետապնդում, կարծում եմ` պետք է իրականացվի: Ամեն դեպքում, մենք մեր աշխատանքն էլի շարունակում ենք անել»:
Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում նոյեմբերի 16-ի արյունալի մարտերի օրը գերեվարված 10 զինծառայողներից 4-ն անցած շաբաթ կալանավորվեցին. նրանք մեղադրվում են մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելու համար։ Դատարանը չէր բավարարել մեղադրյալի կրագավիճակ ունեցող 5 գերիներից միայն մեկի կալանավորման միջնորդությունը։
Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում
Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, վստահեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը։ Անցած շաբաթ Հաագայի դատարանի հրապարակած որոշումը Եղիշե Կիրակոսյանը հայկական կողմի համար հաղթանակ է համարում, չնայած նրան, որ Արդարադատության միջազգային դատարանը չէր բավարարել հայկական կողմի առանցքային պահանջներից մեկը։ Այսօր բացատրեց, թե ինչու միջազգային ատյանն Ադրբեջանին չպարտավորեցրեց հայրենիք վերադարձնել գերիներին։ Կիրակոսյանը հերքում է, թե հայկական կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել։
«Առհասարակ անձանց գտնվելն Ադրբեջանում արդեն իսկ կյանքին վտանգ սպառնացող է, չնայած այս պնդումներին, դատարանը գտավ, որ ամեն դեպքում նմանատիպ իրավունք` վերադարձի ապահովման իրավունք ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիայով երաշխավորված չէ, նման մեխանիզմ գոյություն չունի, և դատարանն ընդգծում արեց, որ նման մեխանիզմն առկա է մարդասիրական իրավունքի կոնվենցիաներում, որոնց, ցավոք սրտի, չունեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելու և օրենսդրության հիմք պարունակող դրույթներ», - ասաց Կիրակոսյանը:
Հայաստանի պահանջները մեծամասամբ բավարարվել են
Պաշտոնյան ասում է, թե Հայաստանի պահանջները մեծամասամբ բավարարվել են։ Միջազգային արդարադատության դատարանում Ադրբեջանն էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել։
Հաագայի դատարանը նախքան երկու պետությունների՝ միմյանց դեմ ներկայացված հայցերը քննելը միջանկյալ որոշմամբ Երևանից ու Բաքվից պահանջել էր կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը։ Ադրբեջանական կողմից պահանջել էր ապահովել հայ գերիների անվտանգությունը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դրսևորումները։
Եղիշե Կիրակոսյանը շեշտում է՝ հրատապ միջոցի վերաբերյալ որոշումներն ունեն պարտադիր կատարման պահանջ, բայց միևնույն ժամանակ նկատում է՝ միջազգային դատարաննների որոշումների կատարման մեխանիզմներն այդքան էլ կատարելագործված չեն։ Դրանց գործադրումն, ըստ Կիրակոսյանի, մեծ ջանքեր է պահանջում. «Դիվանագիտական առումով սա շատ կարևոր է հաշվի առնել, որ դատարանի կողմից կայացրած որոշումները և որոշումներին իր կատարած արձանագրումները, իրավական գնահատականներն առանցքային են մեր աշխատանքի համար քաղաքական առումով, որովհետև դրանք հնարավորություն են ընձեռում, որպեսզի ՀՀ-ն ակտիվորեն իրականացնի, այսպես ասած, թե՛ իրազեկման, թե՛ նաև քաղաքական աշխատանքներ, դիվանագիտական աշխատանքներ բոլոր մակարդակներում»:
Հայաստանի ներկայացուցիչն ասում է, որ Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ գործը դեռ նոր է սկսվում, առջևում, հավանաբար 1 տարվա ընթացքում հայկական կողմն միջազգային ատյանին կներկայացնի իր դիրքորոշումների վերաբերյալ առավել մանրամասն իրավական վերլուծություն ապացույցների մեծ բազայով։ Հետո նոր լսումներ կանցկացվեն։
Եղիշե Կիրակոսյանի գնահատմամբ՝ Հաագայի դատարանում գործի քննությունը կարող է տարիներ տևել։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բուն հայցը միմյանց դեմ ներկայացրել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» հիմքով։