Մատչելիության հղումներ

Առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրեն գերեվարման պայմաններ ստեղծողները․ Օհանյան


Առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրեն գերեվարման պայմաններ ստեղծողները, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով գերությունից վերադարձած 4 զինվորների կալանավորմանը։

Նոյեմբերի 16-ին արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի և ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին։ Մոտ մեկ շաբաթ առաջ 10 գերիներ վերադարձան Հայաստան, նրանցից 4-ը կալանավորվեցին՝ Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար։ Կալանավորված 4 զինծառայողներից մեկը դիրքի պատասխանատուն է, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «ես պատրաստ եմ իմ որդուն փոխանակել բոլոր այն գերիների հետ, որոնք, որ Ադրբեջանում են գտնվում»։ Պետք չէ սեփական որդու ճակատագիրն այդպես որոշել, պետք է գտնվել բարոյական նորմերի շրջանականերում և մտածել բոլոր որդիների մասին, և պետք է պայմաններ ստեղծել, որ մնացածի որդիները գերեվարման մեջ չհայտնվեն։ Կարծում եմ, որ նրանց խոսքն այսօր չի համապատասխանում իրականությանը․ նրանք մեկ ասում են՝ «նրանք մեր որդիներն են, հերոսներն են», մեկ էլ ասում են, որ «նրանք պետք է պատասխանատվություն կրեն»։ Ես նորից եմ կրկնում, որ առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրի այն մարդը, այն համակարգը, որը որ ստեղծել է գերեվարման պայմաններ», - ասաց Օհանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, խոսելով նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին՝ հայտարարել էր՝ յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի։ Օրեր անց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ իր ոչ հրապարակային խոսքում ընդգծել էր՝ «գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG