Մատչելիության հղումներ

Բրյուսելը փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում․ Շառլ Միշել


Բրյուսելը փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում․ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահը։

«Անհրաժեշտ է շուտափույթ լուծել հումանիտար հիմնական խնդիրները՝ գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի պարզումը», - ասել է Շառլ Միշելը՝ շարունակելով՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման ջանքերին։

«Հայաստանի, Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի միջև հաղորդակցության վերականգնումը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով։ Որոշվել է սկսել երկաթուղային գծերի վերականգնումը. ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցությունների բացմանը տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան»,- նշել է նա:

Ընդունվել է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատումը՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղում լարվածության թուլացմանը:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

XS
SM
MD
LG