Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջեց կանխել պահվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը` ազգային պատկանելության հիմքով


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ ներկայացրեց իր որոշումը հրատապ միջոց կիրառելու Հայաստանի դիմումի վերաբերյալ։

Պահանջներից մեկը գերիների ազատ արձակումն էր։

Թեև դատարանը նշեց, որ միջազգային հումանիտրար իրավունքը սահմանում է, որ որևէ պետության կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն, այնուամենայնիվ չհամարեց, որ գերիները կամ պահվող մյուս անձինք պետք է վերադարձվեն, քանի որ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք պահվում են Ադբեջանում` իրենց ազգության կամ ռասայական խտրականության հիմքով։

Հիշեցնենք` Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը դատարանը քննում է ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի շրջանակում։

Հաագայի դատարանը, սակայն, շեշտեց` Ադրբեջանում պահվող անձինք չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով, հավելեց` Ադրբեջանում պահվող բոլոր մարդիկ պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։

Դատարանը պարտավորեցրեց Ադբեջանին նաև ձեռնարկել բոլոր միջոցները` կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում` պաշտամունքի վայրերի, գերեզմանատների և այլն։ Ինչպես նաև եզրակացրեց, որ Բաքուն պետք է կանխի ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու նպաստումը, ներառյալ պաշտոնյաների և հանրային ինստիտուտների կողմից, որոնք թիրախավորում են ծագումով հայերին։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այս պահին հրապարակում է նաև Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։

Առավել մանրամասն տես այստեղ

XS
SM
MD
LG