Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին՝ Բաքվին կոչ անելով «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը»:
«Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանին նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:
Այդ կապակցությամբ իր հայտարարությունում Հայաստանի արտգործնախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությունները արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում, որոնցում Հայաստանի կողմից Ադրբեջանին «միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա»:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», - ասված է Հայաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունում։
Նշելով, որ հունվարի 11-ի հայտարարությամբ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվել են փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ և տվյալ ոլորտներում փորձագիտական ենթախմբեր, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է․ - «2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:
«Հայաստանի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - շեշտում է Արտգործնախարարությունը՝ հիշեցնելով․ - «Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են»: Այդ սկզբունքները, նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, վերահաստատվել են 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է.
«ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,
բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,
գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով»: