Մատչելիության հղումներ

Մինչ Երևանը բացառում է միջանցքային տրամաբանությունը, Բաքվում սպառնում են ուժով լուծել հարցը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկման գլխավոր թեման միջանցքի հարցն է: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարության այդ կետը տարբեր կերպ են մեկնաբանում։ Մինչ Ադրբեջանի իշխանությունները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն են ծրագրում, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել: Հայկական կողմը շեշտում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ բառ չկա միջանցքի մասին։ Իսկ Ադրբեջանից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով սպառնում են հարկ եղած դեպքում ուժով լուծել միջանցքի հարցը:

Բաքվում նախագահի հրամանագրով հիմնված Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Ֆերիդ Շեֆիևը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը սուվերեն միջանցք է պահանջում՝ հիմնվելով հենց եռակողմ հայտարարության 9-րդ կետի վրա, որտեղ հստակ ամրագրված է «անարգել երթևեկություն» ձևակերպումը, իսկ հայկական կողմը, խախտելով այս սկզբունքը, ուզում է վերահսկողություն ունենալ այդ ճանապարհի վրա:

«Հայտարարության մեջ նշված է, որ պետք է անարգել երթևեկություն լինի: Ինչպե՞ս է ապահովվելու այդ երթևեկությունը: Հայերը պարզապես հետևելո՞ւ են մեզ: Թող հետևեն, բայց երթևեկությունը պետք է անարգել լինի: Եթե անցակետ տեղադրվի, այդ ճանապարհը արդեն անարգել չի լինի», - ասել է Շեֆիևը:

Ֆերիդ Շեֆիևը, որը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում, նշում է, թե հայկական կողմը կարող է չօգտագործել «միջանցք» եզրույթը և դրան այլ ձևակերպում տալ, միևնույնն է ստիպված է լինելու կատարել հայտարարության 9-րդ կետը: Նրա խոսքերով, նախատեսվում է, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի Սահմանապահ ծառայության մարմինները, իսկ հայկական կողմի վերահսկողության ու անցակետերի մասին խոսք չկա:

Եռակողմ համաձայնագրի անորոշ մնացած կետերից է նաև 6-րդը, ըստ որի, կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխումը:

Նախագահ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե այդ այլընտրանքային ճանապարհը կարող են ավելի շուտ էլ կառուցել:

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էլման Նասիրովը «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է՝ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է, Բաքուն պատրաստ է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ և այդ մասին Ալիևը բազմիցս հայտարարել է: Նրա խոսքով, Ադրբեջանին միևնույն է կհաջողվի հասնել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը: Իսկ Լաչինի միջանցքով այլընտրանքային ուղին ժամանակի հարց է և ավելի ուշ կյանքի կկոչվի:

Երկու ամիս առաջ Հայաստանի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս հարցին, ասել էր. - «Այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, իրեն հայտնի է, որ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Քաղաքագետ Ազեր Քասըմլըն էլ «Ազատությանն» ասել է, թե այդ ճանապարհը դեռ չի կառուցվում, քանի որ այն Ռուսաստանի շահերից չի բխում: Մոսկվան չի ուզում կորցնել վերահսկողությունը արդեն գոյություն ունեցող Լաչինի միջանցքի վրա։

XS
SM
MD
LG