Մատչելիության հղումներ

Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին չհաղորդվեց


Հայաստանի արտգործնախարարության խոսնակը առավոտյան «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ​ Ստոկհոլմում հնարավոր է կայանա Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում։

Արտգործնախարարությունը այսօր հայտնել է երեկ Միրզոյանի անցկացրած 4 հանդիպումների մասին։ Մինչև այս պահը չեն հաղորդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում տեղի ունեցե՞լ է, կամ կունենա՞, թե՞ ոչ։ Նախարարական համաժողովի աշխատանքներն այսօր են ավարտվում։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեք անգամ են հանդիպել։

Այս շաբաթ հայ-ադրբեջանական շփումները աչքի չընկան արդյունավետությամբ։ Հենց երեկ թե' Միրզոյանը, թե' Բայրամովը համաժողովի իրենց ելույթների հիմնական մասը փոխադարձ մեղադրանքներին նվիրեցին։

Արարատ Միրզոյանը մի քանի շեշտադրում արեց ադրբեջանական շարունակական ագրեսիայի, գերիների վերաբերյալ։ «Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պատանդ պահել, այլ պարբերաբար նոր գերիներ վերցնելու փորձեր է անում», - հայտարարել է նա։ - «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին է մեղադրել ականապատման ճշգրիտ և ամբողջական քարտեզները չտրամադրելու, ստանձնած պարտավորությունները խախտելու համար. - «Հայաստանը դեռ պետք է կատարի եռակողմը հայտարարությունը և ամբողջությամբ հանի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Բայրամովը առիթը բաց չթողեց խոսելու նաև «Զանգեզուրի միջանցքից». - «Դա վստահության վերականգման կարևոր եղանակ է։ Զանգեզուրի միջանցքի անհապաղ իրականացումը անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց, տրանսպորտային միջոցների անարգել երթևեկության համար Ադրբեջանի և Նախիջևանի միջև, դա նաև կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը»։

Երկու օր առաջ էլ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կայացավ, որի մանրամասները սակայն չհրապարվեցին, չնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին երեք երկրների ղեկավարների հանդիպումից հետո ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը միայն հաղորդեց, որ ևս մեկ հանդիպում է սպասվում, արդյունքների մասին այդ հանդիպումից հետո կխոսեն։

Փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել». անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպես էր բացատրել իրավիճակը՝ փակագծեր չբացելով։

Իսկ փորձագետները կարծում են, որ եռակողմ հայտարարությունից հետո ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի լավատեսությունը խիստ վաղաժամ էր. Ադրբեջանը Զանգեզուրյան միջանցքի հարցը Ադրբեջանը չի փակի, մի հեռանկար, որը մերժում է Երևանը, պնդում՝ Բաքուն։

Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առավոտյան հաղորդել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունը, սակայն, դեռ չի հրապարակվել։

XS
SM
MD
LG