Մատչելիության հղումներ

Եռակողմ հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար. Վլադիմիր Պուտին


Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար, այսօր Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

«Մեր խաղաղապահները, կարծում եմ, դրական դեր են խաղում։ Ակտիվորեն աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։ Բայց, ցավոք, լինում են խնդիրներ, միջադեպեր, զոհերից խուսափել չի հաջողվում։ Դրա համար էլ մենք հավաքվել ենք, որպեսզի տեսնենք՝ ինչ է արվել, և ինչ պետք է անեն բոլորը, որպեսզի ոչ միայն այդպիսի դեպքեր չլինեն, այլև պայմաններ ստեղծվեն իրավիճակի կայունացման և տարածաշրջանում այնպիսի իրադրության զարգացման համար, որը թույլ կտա մարդկանց խաղաղ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,-ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այսօր զրուցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տարեսկզբից դռնփակ քննարկումներ է անցկացնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ։ Բացի այդ, Պուտինը, իր խոսքով, հանդիպել է նաև Պաշտպանության նախարարի և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի հետ, որին և ենթարկվում է Սահմանապահ ծառայությունը։ Թե ինչ են զեկուցել ռուս պաշտոնյաները՝ Պուտինը չի հստակեցրել։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կարճ անդրադարձել են տարածաշրջանում ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե պատերազմից հետո` անցած մեկ տարում, ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններում լուրջ միջադեպեր, բախումներ չեն գրանցվել։ Բախումներ եղել են հայ-ադրբեջանական սահմանին, որը դուրս է ռուսական խաղաղապահների վերահսկողությունից, ասել է Ալիևը, միաժամանակ ընդգծելով` բայց նույնիսկ այդտեղ պետք է եռակողմ ձևաչափով քննարկումներ անցկացվեն` վտանգները նվազագույնի հասցնելու համար։

«Չեն եղել ռազմական բախումներ, ինչ-որ լուրջ իրադարձություններ։ Եղել են հատուկենտ միջադեպեր։ Ռազմական բախումներ են եղել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, սակայն դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ։ Այդուամենայնիվ, իհարկե, դա մեզ ստիպում է մանրամասն ամեն ինչ դիտարկել, խոսել, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով, թե ինչպես է հնարավոր վերահսկել վտանգները, նվազեցնել դրանք և աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման վրա», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հավելել է, որ պաշտոնական Բաքուն շատ բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու հարցում։ «Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այդ հարցում, Ռուսաստանի կառավարության ու բարձրաստիճան պաշտոնյաների դերակատարությունը, և իհարկե՝ ռուս խաղաղապահների։ Եվ հուսով ենք, որ մյուս տարի աշխատանքը կշարունակվի և կլինեն նույնպիսի դրական արդյունքներ», - ասել է նա։

Իլհամ Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին հրադադարը Ղարաբաղում արդյունավետ վերահսկելու համար։

Ռուսաստանի նախագահն, իր հերթին, Ալիևի հետ երկկողմ հանդիպմանը շեշտել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի արդյունավետ աշխատանքը:

Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը խոսել են նաև երկկողմ հարաբերություններից, նշելով, թե դրանք բազմաշերտ են և արագ զարգացող։ Պուտինի խոսքով՝ Բաքվի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառությունն աճում է` չնայած համավարակի հետ կապված սահմանափակումներին, ռուսական կապիտալի ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում են շուրջ 4,5 միլիարդ դոլար։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճեպազրույց կունենա լրագրողների հետ, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ:

Մինչ այդ այսօրվա բանակցությունների մասին կարճ հաղորդագրությունում Կրեմլը նշել էր, որ ուշադրության կենտրոնում է լինելու տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:

Ի դեպ, թեև հանդիպումը տեղի է ունենում այսօր՝ նոյեմբերի 26-ին, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ եռակողմ հանդիպումը նվիրված է հրադադարի մեկ տարվան:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել որոշ արդյունքներ, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել, որպեսզի առաջ մղվի երկրների միջև խաղաղության կարգավորման գործընթացը:

«Մենք հույս ունենք, որ անցյալ տարի հրադադարը ստորագրած առաջնորդները հանդիպմանը կնշեն այդ հեռանկարային ուղղությունները», - ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով, թե որոշ հարցեր մնում են չկարգավորված, դրանք վերաբերվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ Ռուդենկոյի խոսքով, ժամանակ առ ժամանակ լինում են զինված միջադեպեր, մարդիկ են զոհվում:

Հայաստանի վարչապետը նախօրեին, անդրադառնալով տեղեկություններին, թե հանդիպման արդյունքում Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր է ստորագրելու, հայտարարել էր՝ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսող հանձնաժողով ձևավորելու մասին է լինելու:

Հատկանշական է, սակայն, որ այսօր կայանալիք բանակցություններից առաջ Կրեմլը նախ Բաքու, ապա Երևան էր գործուղել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ մոտ 9 ամիս է՝ քննարկում է տարածաշրջանի տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակման հարցը:

Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, թե կողմերն արդեն եկել են որոշակի համաձայնության և պատկերացում ունեն գործարկվելիք ճանապարհների վերաբերյալ, թե որտեղով են անցնելու այդ ճանապարհները, ո՞վ և ինչպե՞ս է դրանք վերահսկելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվել:

Այսօր ռուսական «Ռիա Նովոստի»-ն է անդրադարձել այս հարցին՝ գրելով, թե ապաշրջափակման համատեքստում Երևանի և Բաքվի միջև հիմնական տարաձայնությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է՝ նշելով. - «Բաքուն բարձրացրել է միջանցքի արտատարածքային, այսինքն՝ այն հայկական օրենսդրությունից դուրս լինելու հարցը, Երևանը դեմ է՝ գնահատելով այդ քայլը որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»:

«Ռիա Նովոստի»-ն հիշեցնում է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Իլհամ Ալիևն անգամ հայտարարել էր, թե Սյունիքի մարզն ադրբեջանական պետական հող է, սակայն ավելի ուշ Բաքվում հստակեցրել են, որ երբեք չեն հավակնել Սյունիքին: «Ընթացք չտրվեց նաև միջանցքի արտատարածքային թեմային, բայց հայերը չեն հավատում և պահանջում են վերականգնել ոչ միայն դեպի նախիջևան տանող ճանապարհն, այլև տարածաշրջանի բոլոր արգելափակված երթուղիները», - գրել է ռուսական գործակալությունը:

XS
SM
MD
LG