«Իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մնում է լարված»
Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։
Արարատ Միրզոյանը պնդել է, որ Բաքուն ոտնահարում է վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները՝ բախումները դադարեցնելու, գերիներին ազատ արձակելու մասով, մյուս կողմից` Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում գերիներին, այլ նաև պարբերաբար փորձում է նոր հայ գերիների վերցնել՝ արհամարհելով միջազգային հանրության հորդորները։
«Որևէ բացատրություն չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը` հույս հայտնելով, որ անցած շաբաթ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները պայմաններ կստեղծեն իրավիճակի դեէսկալացիայի համար։
«Խաղաղությունը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Հայաստանը ցանկանում է տևական և կայուն խաղաղության հասնել Հարավային Կովկասում և պատրաստ է բանակցությունների։ Որքան շուտ Ադրբեջանը համաձայնի խաղաղության գործընթացի վերսկսմանը, մեր տարածաշրջանում այնքան մեծ կլինեն հնարավորությունները՝ հասնելու համապարփակ և երկարատև կարգավորման։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրագործման վրա, տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք պետք է բանակցությունների առանցքային հարցերից դառնան», - նշել է Միրզոյանը։
Նրա հավաստմամբ` չլուծված հումանիտար հարցերը, ինչպես, օրինակ, առանց նախապայմանների գերիների վերադարձը, մշակութային ժառանգության պահպանությունը ԵԱՀԿ մանդատի անհրաժեշտությունն են առաջացնում։ Հայաստանը կշարունակի հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Բայրամովը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԵԱՀԿ-ն կարող է օժանդակել հետպատերազմյան վերականգնմանը, իր ելույթում շեշտել է Ադրբեջանի արտգործնախարարը. «Մենք ԵԱՀԿ-ին համագործակցություն ենք առաջարկել և դեռ սպասում ենք արձագանքի։ Միևնույն ժամանակ հակամարտության դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի համար լավ հնարավորություն է առաջ շարժվելու, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և հարգելու սկզբունքի հիման վրա», - Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Պնդելով, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է այս գործընթացին, գործնական քայլեր է կատարել այդ ուղղությամբ` Բայրամովն ասել է, թե Հայաստանը դեռ պետք է պատասխանի, և որ Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների շարունական խախտումները խիստ մտահոգիչ են. «Հայաստանը դեռ պետք է կատարի եռակողմը հայտարարությունը և ամբողջությամբ հանի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։
Անդրադառնալով ապաշրջափակմանը` ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է` տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային երթուղիների վերականգնման ուշացումը պետք է պատշաճ ուշադրության արժանանա։
«Դա վստահության վերականգման կարևոր եղանակ է։ Զանգեզուրի միջանցքի անհապաղ իրականացումը անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց, տրանսպորտային միջոցների անարգել երթևեկության համար Ադրբեջանի և Նախիջևանի միջև, դա նաև կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը»։
Հայաստանը նաև չի փոխանցել ականապատ դաշտերի ճշգրիտ և ամբողջական քարտեզները, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը` հավելելով` սա դանդաղեցնում է հետպատերազմական վերականգնողական աշխատանքներն ազատագրված տարածքներում և լրջորեն խոչընդոտում է տեղահանված անձանց վերադարձին իրենց տներ։
«Այս պահին Ադրբեջանը ամենաշատ ականապատված երկրներից մեկն է», - նկատել է նա։
«Ադրբեջանը հույս ունի, որ Սոչիի պայմանավորվածություններն ի կատար կածվեն՝ առանց ուշացման և կնպաստեն մեր նպատակի իրագործմանը՝ Հարավային Կովկասը կդառնա ավելի ապահով տարածք», - ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։