Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստը


ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Ղրղըզստանում, օգոստոսի, 2021թ․
ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Ղրղըզստանում, օգոստոսի, 2021թ․

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին այսօր Երևանում կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստը, օրակարգում բազմաթիվ տնտեսական հարցեր են։

Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի գործադիրների ղեկավարները։ Նրանց նեղ կազմով հանդիպումը այսօր ժամը 16-ին է նախատեսված, վաղը նիստը ընդլայնված կազմով կշարունակվի։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը կքննարկեն նախորդ տարվա առևտրային ցուցանիշները, օրակարգում ներառված են գյուղատնտեսությանը, բեռնափոխադրումներին, դեղամիջոցներին վերաբերող հարցեր։

Կողմները պլանավորում են նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի մասին համաձայնագիր ստորագրել։

ԵԱՏՄ-ն ռազմաքաղաքական կառույց չէ, այսօր տնտեսական հարցեր են քննարկվելու, սակայն կլինեն նաև երկկողմ հանդիպումներ, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանն՝ ընդգծելով, որ այդ հանդիպումներում Հայաստանը պետք է ներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ իր դիրքորոշումը, անհրաժեշտության դեպքում դժգոհություն հայտնելով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ այդ երկրների պասիվ կեցվածքի համար։

«Ես ավելի շատ այս հարթակը կօգտագործեի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումների ժամանակ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու նաև այն պետություններին, որոնք ՀԱՊԿ անդամ են, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն գրեթե նույն կազմն ունեն, հայտնելու Հայաստանի դժգոհությունը ՀԱՊԿ անդամ պետությունների պասիվ վերաբերմունքից, խոսքս Ռուսաստանի մասին չէ», - ասաց Պողոսյանը։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից, այս միությունը ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության, մրցունակության և բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG