Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կնպաստի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը. վարչապետ


Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին։

Փաշինյանն իր ելույթը սկսել է տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցից՝ նշելով, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է:

«Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը: Կցանկանայի նշել նաև «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունը: Ակնհայտ է, որ սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն Միության ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային շուկայի կայուն զարգացմանը», - նշել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը կարևորել է նաև ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումը՝ այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ընդգծելով արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման կարևորությունը:

«Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առևտրի և երրորդ երկրներ արտահանման համար», - ասել է Հայաստանի վարչապետը:

«Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է նպաստել էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծման ուղղությամբ հետևողական և թափանցիկ աշխատանքը:

Նրա խոսքով՝ միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:

«Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ միասին, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը», ասել է Հայաստանի կառավարությա ղեկավարը նաև գոհունակությամբ նշելով, որ հաջողվել է համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա:

«Անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն՝ կրճատելու կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները»

Որպես եզրափակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բնապահպանության և կլիմայի հարցերին՝ շեշտելով՝ սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր և բազմակողմանի համագործակցություն:

«Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միևնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի և զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների և բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով», - եզրափակել է Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված այլ հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության, ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստ՝ Երևանում՝ այս տարվա հոկտեմբերին

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երևանում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

XS
SM
MD
LG