Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր մայրաքաղաք Բիշքեկում օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե իր համոզմամբ, նպատակահարմար կլինի, որ ԵԱՏՄ-ին միանան Կենտրոնական Ասիայի մնացած երկրները:
«Սադիր Ժապարովն ասել է, որ կցանկանար Եվրասիական տնտեսական միության կազմում տեսնել տարածաշրջանային գործընկերներին՝ Տաջիկստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին»,- ասվում է Ղրղզստանի նախագահի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
Նախագահը հանդիպման մասնակիցներին հիշեցրել է, որ Ղրղզստանը 2015 թվականին է անդամակցել ԵԱՏՄ-ին:
«Դա դրական արդունք է ապահովել առևտրի և տնտեսության ոլորտում, նպաստել է Ղրղզստանի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը և ղրղզ գործարարներին ընձեռել է ԵԱՏՄ շրջանակներում աշխատելու հնարավորություն»,- ասել է Ժապարովը:
Նրա խոսքով, Ռուսաստանում, Ղազախստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում աշխատանքային միգրանտների պայմանների բարելավումը ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ Ղրղզստանի ձեռք բերած անվիճելի առավելություններից մեկն է:
ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը: