Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Ղրղզստանում է. գործադիրի ղեկավարը մասնակցելու է վաղը կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Փաշինյանի այցը Ղրղզստան մեկնարկել է այդ երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ Նկատենք՝ Ղրղզստանը խորհրդարանական երկիր է, դրա ղեկավարը վարչապետն է։
Ողջունելով Հայաստանի ղեկավարին` Սադիր Ժապարովը նշեց. «Օգտվելով առիթից՝ թույլ տվեք անկեղծ շնորհավորանքներ հայտնել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ»։
Սա վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումն է Սադիր Ժապարովի հետ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Հայաստանի վարչապետն էլ առիթն օգտագործեց գործընկերոջը շնորհավորելու համար. «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ այդ առիթով և մաղթել հաջողություններ ի բարօրություն բարեկամ Ղրղզստանի և ղրղզ ժողովրդի։ Այո, Դուք ճիշտ նշեցիք, այս տարի մեր երկրները նշում են անկախության 30-ամյակը, և ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ այդ հոբելյանի առիթով»։
Հանդիպմանը Փաշինյանն ու Ժապարովը տարբեր ոլորտներում երկկողմ գործակցությանն են անդրադարձել։ Կողմերը համակարծիք են՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ղրղզստանում Հայաստանը կարող էր ոչ թե վարչապետի մակարդակով ներկայանալ, այլ փոխվարչապետի, իսկ թե ինչու է վարչապետն այցելել Ղրղզստան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար, քաղաքագետը ենթադրում է՝ պատճառը քաղաքական է։
«Ղրղզստանն այն սակավ պետությունների ցանկում էր Թուրքիայի հետ միասին, Պակիստանի, որ ի պաշտոնե շնորհավորեցին Ալիևին հաղթանակի մեջ Ղարաբաղի պատերազմի ժամանակ», - ասում է Գրիգորյանն ու նկատում՝ Ղրղզստանը պասիվ պահվածք ունի նաև ՀԱՊԿ-ում։
Քաղաքագետը չի բացառում, որ այցի ընթացքում Փաշինյանն այդ հարցերն է բարձացնելու իր ղրղզ գործընկերների հետ հանդիպումների ըթնացքում. «ՀԱՊԿ-ում Բելառուսն ագրեսիվ մեր դեմ է, պրոադրբեջանական է, բայց նաև Ղրղզստանն այդքան ակտիվ չի, օրինակ` ՀԱՊԿ-ում նաև այդ թվում` Ղրղզստանը չաջակցեց, որ հայտարարություն ընդունվի Ադրբեջանի դեմ, երբ որ Ադրբեջանը մտցրեց զորքեր հայկական տարածք»:
Կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կասկածի տակ է դնում, թե հայ-ղրղզական հարաբերությունները բարձր մակարդակի են. «Ասել, որ բարձր մակարդակի քաղաքական մենք երկխոսություն ունենք, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իրենց շնորհավորելն Ադրբեջանին լուրջ քայլ էր, լուրջ ու ոչ բարիդրացիական Հայաստանի նկատմամբ»:
Գործադիրից հաղորդում են՝ Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են՝ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Ըստ կառավարության՝ նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն: