Թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչու պաշտոնանկ արեց Պաշտպանության նախարարին, եթե Զինված ուժերի անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է, իսկ նախարարը պատասխանատու է պաշտպանական քաղաքականության մշակման համար, տակավին հայտնի չէ։
Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գործառույթների նշված տարբերությունը ամրագրված է «Պաշտպանության մասին» օրենքում դեռ 2008 թվականից։
«Զորային կառույցի ղեկավարը Գլխավոր շտաբի պետն է, ինքն է անմիջապես զորքերը ղեկավարում։ Հիմա պետք է հարց տալ այսօրվա իշխանության ղեկավարությանը. իրենք հասկանո՞ւմ են՝ ով է քաղաքական ղեկավար պաշտոնատար անձը, ով է պատասխանատու ռազմաքաղաքական իրավիճակի, պաշտպանական քաղաքականությանը և նաև զորքերի մատակարարման, իսկ ով է անմիջական պատասխանատուն զորքերի կառավարման։ Երբ որ իրենք էդ ամեն ինչը հասկանան, իրենք դրան համահունչ էլ որոշումներ կընդունեն», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Անվտանգության խորհրդի երեկվա նիստում վարչապետը հակիրճ ներկայացրեց Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառը. - «Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»։
Այսօր խորհրդարանում իշխանական պատգամավորները ուղղակի հրաժարվում էին պատասխանել «Ազատության» հարցերին։
Ազգային ժողովի իշխանական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում փաստորեն սոսկ կրկնեց Փաշինյանի խոսքերը. - «Ես ինչպես ասացի, այս որոշումը իրավիճակի և տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունք է, և Դուք իրավացիորեն նշեցիք, որ պաշտպանության նախարարը մշակում է քաղաքականությունը։ Ճիշտ եք, որ զորքի անմիջական կառավարումը չի իրականացնում, բայց որոշում է քաղաքականությունը»։
Այս ամենի ֆոնին երեկ «Հրապարակ» պարբերականը հանդես եկավ տեղեկությամբ, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նախորդ շաբաթ մեղադրանք է առաջադրվել հայտնի «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։ Գործը ԱԱԾ վարույթում է, և այսօր այնտեղից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ հետևեք պաշտոնական լրահոսին։
Կապվեցինք նաև փաստաբան Մնացական Մարուքյանի հետ, ով մինչև 2016-ը եղել է ԱԱԾ քննչական վարչության պետ և ով, ըստ «Հրապարակի», ներկայացնում է Արտակ Դավթյանի շահերը։
«Դեռևս տեղեկություն չունեմ էդ գործից, ևս պաշտոնապես ներգրավված չեմ», - «Ազատությանն» ասաց Մնացական Մարուքյանը։