Չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձևաչափում, երեկ ասել է Վրաստանի արտգործնախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Դավիդ Զալկալիանին փաստել է՝ օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի հետ միևնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, մյուս կողմից` հորդորել հանրությանը մտածել՝ իսկ ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։
«Մեզ համար շատ դժվար կլինի մասնակցել մի ձևաչափի, որտեղ ենթադրվում է նաև օկուպանտ երկրի մասնակցությունը։ Անշուշտ, այս պայմաններում, երբ Մոսկվայի կողմից որևէ առաջընթաց չկա Աբխազիայի և Հարավային Օսիայի դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է ինչ-ինչ ենթակառուցվածքային նախագծեր քննարկել։ Բայց, ես ուզում եմ մտորելու նյութ տալ հասարակությանը՝ այդօրինակ խոշոր աշխարհաքաղաքական ծրագրերում մենք պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինենք», - ասել է նա։
Նոր ձևաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, մասնավորապես, նախագահ Էրդողանն առաջարկեց տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։
«Ղարաբաղյան հաղթանակը նոր էջ բացեց Կովկասի պատմության մեջ։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանի պատմությունը ձևափոխվելու է, և մեր առաջարկած վեցակողմ հարթակը շահեկան է բոլորի համար։ Եթե Հայաստանը դրական քայլեր ձեռնարկի և միանա այս հարթակին, ապա նոր էջ կարող է բացվել նաև հայ-թուրքական հարաբերություններում»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը՝ անցած դեկտեմբերին ժամանելով Բաքու։
Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը միանգամից էին համաձայնել առաջարկին, Իրանի արտգործնախարարը տարեսկզբին տարածաշրջանային այցով այցելել էր Մոսկվա, Բաքու, Երևան, Անկարա և Թբիլիսի։ Վրաստանը մինչև վերջերս բացառում էր իր մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ որևէ ձևաչափում, այդ իսկ պատճառով արտգործնախարար Դավիդ Զալկալիանին երեկ ստիպված էր փաստերի ու հիմնավորումների երկար շարք ներկայացնել:
«Այս քայլը ոչ մի դեպքում չպետք է արվի պետության շահերի հաշվին կամ զիջումներ անելով օկուպանտ երկրին։ Մեզ համար կան կարմիր գծեր, մյուս կողմից` Վրաստանի համար կարևոր է ետ չմնալ ինչ-ինչ գործընթացներից։ Մենք պետք է լինենք ենթակառուցվածքային նախագծերում։ Եթե Վրաստանն այնտեղ չլինի, կարող է կորցնել իր դերը, ինչը չի բխում մեր շահերից», - նշել է նա։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ երկու օր առաջ՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո էր հույս հայտնել, որ Թբիլիսին կմիանա այս նախաձեռնությանը։ Լավրովը միաժամանակ նշել էր, որ աշխատում են հայ գործընկերների հետ, առանց հստակեցնելու՝ ինչն է խնդիրը, և կան արդյոք մտահոգություններ հայկական կողմից։ Նույն օրը երեկոյան, պատասխանելով ընդդիմության հարցին, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բացել էր որոշ փակագծեր։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ հասկանա՝ դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են դրանք իրագործվում, ի՞նչ պայմաններում են գործելու, ի՞նչ սկզբունքներով են գործելու։ Եվ բազմաթիվ այլ մանրամասներ են պետք, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտենք»,- ասել էր վարչապետը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, Իրան կատարած այցի ժամանակ պատասխանելով «ԻՌՆԱ» գործակալության հարցին, ասել էր՝ նոր ձևաչափը պետք է հիմնվի ներգրավված բոլոր պետությունների փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: «Հակառակ պարագայում այն կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ»,- ասել էր Միրզոյանը՝ առանց հավելյալ մանրամասների։
Թեև նախաձեռնությունը քննարկվում է արդեն շուրջ մեկ տարի, սակայն մինչ այժմ հստակ չէ՝ կոնկրետ ինչ տեսք է այն ունենալու՝ կազմակերպությո՞ւն, թե՞ մշտական քննարկումների մի հարթակ, ինչ հարցեր են այստեղ քննարկվելու,և եթե ընդունվելու են որոշումներ, ապա ինչ ձևաչափով և ինչպես։