Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցն Ադրբեջան առաջինն է տարածաշրջանում նախատեսված մի քանի այցերից։ Բաքվից հետո նա մեկնելու է Մոսկվա, Թբիլիսի, Երևան, վերջում՝ Անկարա՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու նաև Իրանի համագործակցությունը տարածաշրջանի վեց երկրների ձևաչափով հնարավոր պլատֆորմի շրջանակում։
Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, սակայն, վեց երկրների համագործակցության պլատֆորմը դատապարտված է ձախողման։
«Շատ առումներով Իրանը մերժված է որպես տարածաշրջանային խաղացող։ Ակնհայտ է, որ աշխարհում չկա 5 երկիր, որոնք հետաքրքված են, կամ վստահում են Իրանին ու Թեհրանում գործող վարչակարգին։ Միևնույն ժամանակ շատ երկրներ էլ պարզապես կվախենան փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ ապավինելով Իրանին։ Ստացվում է, որ ծանր բեռը Իրանի ուսերին է՝ ի ցույց դնելու իր կանխատեսելի ու բարյացկամ բնույթը, սա չի հաջողվում աշխարհի շատ երկրներում, անգամ Հայաստանում մենք հիասթափված ու զայրացած ենք Իրանի վերաբերմունքից՝ խոստացված ներդրումների և ներգրավվածության առումով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ վերջին շրջանում ակնհայտ է, որ Իրանը Հայաստանից թեքվել է դեպի Ադրբեջան, քանի որ վերջինս ռազմավարական առումով ավելի կարևոր է դարձել, ինչպես նաև Իրանը ցանկանում է հակակշռել Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի խորացող ազդեցությանը։
Ըստ Կիրակոսյանի՝ Իրանի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցած փոփոխության համար նաև Հայաստանն է կրում պատասխանատվություն՝ և՛ ներկա, և՛ նախկին կառավարությունները, որոնք չեն սահմանել հստակ օրակարգ Թեհրանի հետ հարբերություններում։
«Վաղուց արդեն Հայաստանը հստակ չգիտի, թե ինչ է ուզում Իրանի հետ հարբերություններից», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ Իրանը սկսեց ակտիվացնել իր գործողությունները տարածաշրջանում դեռ պատերազմի ընթացքում, սակայն հանդես եկավ ուշացած առաջարկներով։
«Բանն այն է, որ հենց նույն Արցախյան պատերազմի համատեքստում, ըստ էության, տեղի ունեցավ ռուս-թուրքական որոշակի համաձայնություն, և Թուրքիան փաստացիորեն ներգրավվեց, չնայած սահմանափակ ձևաչափով, բայց ներգրավվեց գործընթացում, հետևաբար իրանցիները ևս կուզենային ներգրավվածություն ունենալ այդ համատեքստում, ուստի առաջարկվում է հենց այդ ձևաչափը՝ 3+3, այսինքն՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, գումարած Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ձևաչափը», - ասաց իրանագետը։
Սակյան Ոսկանյանը ևս թերահավատ է, թե համգործակցության նման պլատֆորմ կարող է ստեղծվել, քանի որ վեց երկրների շահերը բազմաթիվ կետերում ոչ միայն չեն համընկնում, այլև միմյանց հակառակ են։
«Օրինակ, Վրաստանի որդեգրած արևմտյան ուղեգիծը, ըստ էության, չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, համաձայն որի, նա պետք է ներգրաված լինի մի ձևաչափում, որտեղ ակտիվ գործողներ են լինելու Իրանը և Ռուսաստանը, մյուս կողմից Հայաստանն ամենևին շահագրգիռ չէ թուրքական ներգրավվածության աճով և դրանում շահագրգիռ չէ նաև Ռուսաստանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմը, որոշ դեպքերում համաձայնելով թուրքական ներգրավվածությանը, դա անում էր ստիպված և փորձում է հնարավորին նաև սահմանափակել այդ ներգրավվածությունը», - ասաց իրանագետը։
Իրանը պարզապես փորձում է օգտագործել ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմն՝ առաջ տանելու սեփական շահերը, ամփոփում է Ոսկանյանը։