Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 69 տարեկան։ Ծննդյան օրվա առթիվ Վլադիմիր Վլադիմիրովիչը շնորհավորական զանգեր ու հեռագրեր է ստանում տարբեր երկրների ղեկավարներից, այդ թվում՝ Հայաստանի վարչապետից ու նախագահից։
Փաշինյանն իր երախտապարտությունն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։
Սոչիում կայացած բանակցությունների հիմնական հարցը Սիրիան էր, բայց կողմերը քննարկել էին նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի առաջնորդը բանակցություններից հետո դրանք արդյունավետ էր որակել։
Ալիևը ևս զանգահարել է Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս զանգահարել է Վլադիմիր Պուտինին։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ալիևը Պուտինին մաղթել է նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ և քաջառողջություն, քննարկել երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Հարավային Կովկասում: Այլ մանրամասներ չեն հաղոդվում։
Ի դեպ, անցած տարի ևս Ալիևը հեռախոսազանգով էր շնորհավորել Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և դա տեղի էր ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին։
Վերջերս ադրբեջանամետ լրագրող և փորձագետ Իգոր Կորոչենկոյին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքը միայն ծննդյան առիթով էր զանգահարել Պուտինին՝ պատերազմի մեկնարկից 10 օր անց։ «Այն բանից հետո, երբ սկսվել էին ռազմական գործողությունները, մեր առաջին հեռախոսազրույցը կայացել էր հոկտեմբերի 7-ին։ Նրա ծննդյան օրը, ես, ավանդույթի համաձայն, զանգում և շնորհավորում են նրան։ Սա մեր առաջին հեռախոսազրույցն էր պատերազմի մեկնարկից հետո, 10 օր էր անցել», - ասել է Ալիևը։
Պատրաստվում է Փաշինյանի այցը Ռուսաստան
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կայանալու է Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը։ Կողմերն արդեն հայտարարել են, որ այժմ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։
Սպասվելիք բանակցություններից այլ մանրամասներ հայտնի չեն, ինչպես նաև հայտնի չէ օրակարագը, թեև պարզ է, որ Պուտին-Փաշինյան՝ այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանդիպման օրակարգում հետպատերազմյան իրավիճակն է լինելու Հարավային Կովկասում և մի շարք հրատապ հարցեր, որոնք արդեն դարձել են տարածաշրջանում նոր լարվածության առիթ՝ այս անգամ Իրանի և Արդբեջանի միջև։
Մոսկվան հետպատերազմյան շրջանում աշխատում է շրջանցել հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված սուր խնդիրները, սակայն, երեկ այդ հարցը օրակարգ բերեց Իրանի արտգործնախարարը։
Նախօրեին, ժամանելով Մոսկվա, Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հայտարարել էր, թե Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է համարում «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։ «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի», - ասել էր Իրանի արտգործնախարարը։Սերգեյ Լավրովը, սակայն, խուսափեց ուղիղ արձագանքից, նշեց, թե Ադրբեջանն էլ իր մտահոգություններն ունի սահմանների մոտ իրանական բանակի կողմից սկսված զորավարժությունների կապակցությամբ և առաջարկեց առկա խնդիրները քննարկելու համար ստեղծել նոր ձևաչափ։ Այս հարթակում, ըստ նախաձեռնության, կներգրավվեն տարածաշրջանի երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ինչպես նաև նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերի և քարտեզների հնարավոր փոփոխությունների մասին Իրանի բարձրաձայնած մտահոգություններին վերաբերող հարցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հերթական դիվանագիտական պատասխանը տվեց. «Մեզ համար սկզբունքորեն առաջնային խնդիր է ապահովել տարածաշրջանային անվտանգությունը ու կայունությունը Հարավային Կովկասում, ինչից էլ ելնում է մեր համալիր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ թվում` տարածաշրջանային բոլոր երկրների, նաև Իրանի հետ երկխոսության միջոցով։
Զախարովան ընդգծել է, որ երեկ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են 3+3 երեք հարթակը, և Իրանն աջակցում է այդ նախաձեռնությունը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ասել էր, որ այս ձևաչափին աջակցում են նաև Թեհրանն ու Բաքուն, իսկ Հայաստանի հետ աշխատանքները շարունակվում են։