Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագրում» չեն բացառում, որ Արմեն Գրիգորյանը դառնա արտգործնախարար


Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Գրիգորյան, արխիվ
Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հետընտրական առաջին քաղաքական նշանակումը. Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը արտգործնախարարի առաջին տեղակալն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն բացառում, որ հենց Գրիգորյանն էլ դառնա գերատեսչության ղեկավար։

Նա դիվանագիտական փորձ չունի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 38-ամյա Գրիգորյանը ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա Ամերիկյան համալսարանը, մինչև հեղափոխությունից հետո Անվտանգության խորհդրի քարտուղար դառնալը «Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպությունում ընտրական ծրագրեր է համակարգել։

Նիկոլ Փաշինյանի որոշումից ժամեր անց նախարարի նորանշանակ առաջին տեղակալին արտգործնախարարության աշխատակազմին ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, համոզմունք հայտնեց՝ Գրիգորյանը կլուծի այն խնդիրները, որը կառավարությունը դնում է նրա առջև։

Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց՝ ծանր, բայց պատվաբեր փուլ է. «Ես համոզված եմ, որ այն բոլոր ուղենիշները, որոնք նշված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է կառավարության ծրագրում, մենք համատեղ իրականություն ենք դարձնելու»:

Հայաստանում արտգործնախարար մայիսի 31-ից չկա։ Իսկ նոր կառավարությունը կկազմավորվի, երբ նոր Ազգային ժողովի լիազորությունները սկսեն, ու նշանակվի վարչապետ։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հրաժեշտի հայտարարությունը բավականին բազմանշանակ էր, թե գնում է, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ արտգործնախարարությունը կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային ու պետական շահի դեմ են եղել։

Հետո հենց Արմեն Գրիգորյանը Արա Այվազյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, թե վերջինս ստել է՝ ասելով, որ Երևանը չունի ականապատման քարտեզներ, և նման կերպ խոչընդոտել հայաստանցի ռազմագերիների վերադարձը։

Այվազյանի հրաժարականին հետևեցին նրա բոլոր` չորս տեղակալների հրաժարականները, մի փոխարտգործնախարար էր մնացել ղեկավար կազմում՝ Արմեն Ղևոնդյանը, այն էլ, որովհետև նրա հրաժարականի դիմումը չէր ընդունվել։ Իրավիճակ, որ աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չհերքեց, որ Արմեն Գրիգորյանը նաև արտգործնախարարի իրենց թեկնածուն է։ Ասաց՝ հարցով կուսակցությունում եղել է քննարկում, որին ինքը չի մասնակցել, բայց տեղյակ է. «Կան բարդ գործընթացներ, որոնց միջով մենք պետք է անցնենք, այո՛, պետք են մեզ մարդիկ, որոնք կարող են բարդ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության շահերից բխող որոշումներ կայացնել և կյանքի կոչել այդ որոշումները»:

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո առաջին անգամ նշանակում է անում արտգործնախարարությունում՝ շրջանցելով դիվանագիտական կորպուսը, ինչո՞ւ։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշանակումը դրական է որակում. «Իրականում արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի ու քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք որ եղել են որոշ ծավալով, վերացնելու և կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական նշանակում է»:

Արմեն Գրիգորյանն այն եզակի պաշտոնյաներից էր, որը քննադատեց սահմանային լարվածությունից հետո Հայաստանին չաջակցելու ՀԱՊԿ-ի որոշումը՝ խորհուրդ տալով ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարին՝ զուսպ լինել ձևակերպումներում։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ եթե Արմեն Գրիգորյանը նշանակվի արտգործնախարար, կտրուկ փոփոխություն տեղի կունենա. Հայաստանը կվարի պրոարևմտյան արտաքին քաղաքականություն. «Հաշվի առնելով նրա անցած քաղաքական ուղին, նրա բազմաթիվ հայտարարությունները` ես կարծում եմ, որ նրա համար շատ դժվար կլիներ պրոռուսական արտաքին քաղաքականություն վարել: Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության դեպքում Ռուսաստանը փորձելու է հնարավորինս ցավոտ հակազդել»:

Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ դիվանագիտական կորպուսի փորձառու աշխատակիցները չէին համաձայնի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության, դրա համար էլ Փաշինյանը արտգործնախարարի թեկնածու է փնտրել արտգործնախարարությունից դուրս. «Հենց դաշնակիցներ փնտրելն ու գտնելն է դիվանագիտության հիմնական առաքելությունը, պարզապես Հայաստանի կախվածությունը այսօր Ռուսաստանից բոլոր առումներով, առաջին հերթին անվտանգային, այնպիսին է, կախվածությունն այնքան մեծ է, որ կարծում եմ` այնքան խելամիտ որոշում չէր արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակել մեկին, ում Ռուսաստանը բացարձակապես չի վստահում:

Պետք չի այնպես կարծել, որ սա մեր մեղքն է: Իհարկե, սա մեր մեղքը չի, մենք պետք է որոշենք մեր կադրային քաղաքականությունը, և եթե Ռուսաստանն այդպես վարվի, Ռուսաստանի մեղքն է: Պարզապես մենք պիտի աչքի առաջ ունենայինք այդ ռիսկերը և կտրուկ փոփոխությունից առաջ փորձեինք հաշվարկել` իսկ մենք արդյոք դրա տակից կարող ենք դուրս գալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG