Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարության խոսնակն «Ազատությանն» ասաց, որ հրաժարականի պատճառների մասին դեռևս մեկնաբանություններ չեն տալու:

Նախարարի պաշտոնակատարը, ըստ էության, հրաժարական է ներկայացրել Անվտանգության խորհրդի այսօրվա նիստից հետո, որին մասնակցում էր:

Արտգործնախարարի հնարավոր հրաժարականի մասին մամուլը անցյալ շաբաթվանից է գրում: Այս լուրերն առավել ակտիվացան այն բանից հետո, երբ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը Սյունիքում լրագրողներին ասել էր, որ Արտգործնախարարությունում տեղյակ չեն, թե դելիմիտացիայի և դեմարկացիայի ինչ փաստաթուղթ է Հայաստանը պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ: Նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանը անդրադարձել էր Արտաքին գործերի նախարարությանը և փոխնախարարի՝ հնչեցրած այդ հայտարարությանը, թե իրենք ստորագրվելիք փաստաթղթից տեղյակ չեն։

«Առավոտվա ժամը 7-ից ճանապարհի մեջ ենք, և այդ փաստաթղթից իսկապես կա, թե չկա գաղափար չունեմ: Ասում եմ անկեղծ այն, ինչ որ կա, այսինքն փաստաթղթի մասին հետագա հարցերից կխնդրեի խուսափել», - ասել էր Ադոնցը:

Հիշեցնենք` Արա Այվազյանը արտգործնախարար նշանակվեց արցախյան պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին: Նա պատերազմից հետո արտաքին քաղաքական գերատեսչության` հրաժարական ներկայացնող երկրորդ նախարարն է: Դրանից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG