Մատչելիության հղումներ

ԱԽ նիստում Փաշինյանի հնչեցրած առաջարկը Այվազյանի հրաժարականի ոչ թե պատճառն է, այլ առիթը․ քաղաքագետ


Նախագահի աշխատակազմը դեռ չի ստացել Արա Այվազյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի պաշտանակատարի առաջարկությունը, «Ազատությանը» հայտնում են նախագահականից։

Իսկ թե ինչու դեռ Նիկոլ Փաշինյանն առաջարկություն չի ներկայացրել, կամ արդյոք ընդունելու է Այվազյանի հրաժարականը, փորձեցինք պարզել գործադիրի ղեկավարի մամուլի քարտուղարից, սակայն նա մեր զանգերը ամբողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց։

Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց երեկ՝ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից ժամեր անց, երբ հայտնի դարձավ իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի առաջարկի մասին։

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է սահմանային հատվածներից դուրս բերել զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։

Արդյո՞ք այս առաջարկն էր պատճառ դարձել արտոգործնախարարի հրաժարականի համար, թե՞ այլ պատճառ կար։ Նախարարությունից որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ենթադրում է, որ արտգործնախարարի հրաժարականը կապ ունի Անվտանգության խորհրդի երկվա նիստում վարչապետի պաշտոնակատարի հայտարարության հետ, սակայն դա հրաժարականի ոչ թե գլխավոր պատճառն է, այլ առիթը․ - «Իմ գնահատմամբ, հիմնական պատճառը դա վարչապետի կողմից մի շարք շատ կարևոր և զգայուն հարցերում՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող, գործընթացներ իրականացնելն է առանց Արտաքին գործերի նախարարությանը տեղյակ պահելու նույնիսկ։ Էլ չեմ խոսում խորհրդակցելու և այլնի մասին։ Իմ գնահատմամբ, որոշակի դժգոհություն արդեն հասունանում էր, որ փաստորեն մարդիկ լինելով Արտաքին գործերի նախարարության ղեկավար պաշտոններում, և մասնավորապես նախարարը, իր ոլորտին ուղղակիորեն առնչվող կարևորագույն գործընթացներից երբեմն տեղեկանում էր մամուլից կամ տելեգրամյան ալիքների արտահոսքերից, և հետո պարզ էր դառնում, որ դա իրականությանը մոտ է կամ լրիվ իրականություն է»։

Պողոսյանը դժվարանում է ասել, թե արդյոք վարչապետ - արտգործնախարար հակասությունն է եղել պատճառը, որ Փաշինյանն Այվազյանի հետ չի քննարկել արտաքին քաղաքալկանությանն առչնվող կարևոր հարցերը․ - «Տարբերակ համար մեկ․ որոշակի հարցերի շուրջ եղել են անհամաձայնություններ, և պարզապես վարչապետը որոշել է, որ իմաստ չունի նախարարին որևէ բան տեղյակ պահել և ժամանակ ծախսել նյարդային զրույցների համար։ Կա տարբերակ երկուսը․ գուցե վարչապետը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այնպիսի բանակցությունների կամ պայմանավորվածությունների մեջ է, որոնք կոնֆիդենցիալ են և գուցե նաև իրեն է ասում, որ սա այնպիսի տեղեկույթ է, որ պիտի իմանաս միայն դու և խորհուրդ չեմ տալիս այդ տեղեկույթը կիսել որևէ մեկի հետ»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Այվազյանի հրաժարականն ուղիղ կապ ունի Ադրբեջանի ներխուժումից հետո առաջացած սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող հարցերին։ Արտաքին գործերի նախարարության վերջին շաբաթների հայտատարություններն է նման հիմք տվել մտածելու, ասում է Գրիգորյանը։

Ըստ նրա, Այվազյանը, հակառակ Փաշինյանի, կողմնակից է սկզբում Արցախի հարցի կարգավորմանը, Արդբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու այնուհետև դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքերի իրակացմանը․ - «Դա ընդունված է, միջազգային նորմ է դա։ Պետությունները ստեղծում են, հիմնում են դիվանագիտական հարաբերություններ, քաղաքական հարաբերություններ ու դրանից հետո ստեղծում են համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի դելիմիտացիոն, դեմարկացիոն․․․ ու նոր դրանից հետո մեծ պրոցեսը սկսվում է, որը կարող է տևել մի քանի տասնյակ տարիներ»։

Բացի այդ, քաղաքագետն ասում է, որ այս իրավիճակում դեմարկացիա, դելիմիիտացիա անելը կնշանակի Հայաստանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է․ - «Եթե մենք սահմանազատում անցկացնենք նաև այն մասերում, որոնք առնչվում են Արցախի հետ՝ օրինակ, Քելբաջարի հատվածում, Լաչինի հատվածներում, եթե դու էնտեղ ֆիքսում ես սահմանները Ադրբեջանի հետ, ուրեմն դու ասում ես Արցախը, հայերի տակ գտնվող Արցախը, երեք շրջանների տակ՝ Ասկերանի, Մարտունիի, Մարդակերտի շրջանը՝ Ստեփանակերտով, Ադրբեջանի մի մասն է»։

Այս բարդ ժամանակաշրջանում քաղաքագետը արտգործնախարարի հրաժարականը Հայաստանի համար կորուստ է համարում։ Գրիգորյանն Այվազյանին լավ դիվանագետ է համարում՝ գնահատելով անցած կես տարում իրականացրած աշխատանքը․ - «Անկեղծ ասած, ես զարմացած եմ։ Արա Այվազյանը բավական լավ աշխատեց, լավ սկսեց այդ միջազգային հարթակները օգտագործել, դիվանագիտությունը օգտագործել»։

Դեռ անցյալ շաբաթվանից էր մամուլը գրում արտգործնախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին։ Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ երկու փոխարտգործնախարար ևս պատրաստվում են հրաժարական ներկայացնել։ Այս տեղեկությունը ևս նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել։

52-ամյա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին: Դրանից առաջ նա Հայաստանի դեսպանն էր Մեքսիկայում ու մի քանի եվրոպական երկրնում։ Այվազյանը պատերազմից հետո հրաժարական ներկայացնող երկրորդ արտգործնախարարն է։

Պատերազմից օրեր անց հրաժարական էր ներկայացրել Զոհրաբ Մնացականյանը, որը ևս հրապարակային պարզաբանում չներկայացրեց,պաշտոնից հեռանալու պատճառների մասին։

XS
SM
MD
LG