«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել», - այսօր արտգործնախարարությունում, անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնակատար Արա Այվազյանը։
Նա ընդգծել է՝ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Վերահաստատելով պաշտոնը ստանձնելու օրն իր արած հայտարարությունը, թե դիվանագիտությունը պարտված չէ, նախարարի պաշտոնակատարը կրկին պնդել է՝ «մեր դիվանագիտությունը պարտված չէ»:
«Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք, այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը», - ասել է Այվազյանը՝ շարունակելով․ - «Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև»։
Արտգործնախարարի պաշտոնակատարը նշել է, որ իր գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, և բոլոր որոշումները հիմնված են եղել բոլորի մասնագիտական աշխատանքի և խորհրդի վրա։
Արա Այվազյանը, հիշեցնենք, հրաժարականի դիմում ներկայացրեց Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի արտահերթ նիստից ժամեր անց, երբ հայտնի դարձավ իրավիճակի հանգուցալուծման Փաշինյանի առաջարկի մասին։
Վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է սահմանային հատվածներից դուրս բերել զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։
52-ամյա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին: Դրանից առաջ նա Հայաստանի դեսպանն էր Մեքսիկայում ու մի քանի եվրոպական երկրնում։ Այվազյանը պատերազմից հետո հրաժարական ներկայացնող երկրորդ արտգործնախարարն է։
Հրաժարականի դիմումից չորս օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արա Այվազյանի հրաժարականը։