Մատչելիության հղումներ

ԱԳՆ երեք տեղակալներն ազատվեցին պաշտոնից


Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, Երևան, արխիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, Երևան, արխիվ

Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը Նիկոլ Փաշինյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նրան փոխարինող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի այսօրվա որոշումներով ազատվել են զբաղեցրած պաշտոններից, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կառավարության որոշումների պաշտոնական կայքէջից։

Եթե Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ մայիսի 27-ին, ապա երեկ հայտարարվեց, որ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և չորրորդ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել և անցած շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկել վարչապետի աշխատակազմ:

Աշխատանքից ազատված երեք փոխնախարարներից հաջողվեց կապվել Գագիկ Ղալաչյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել հարցերին, այդ թվում` իր հրաժարականի պատճառի վերաբերյալ. «Ես խնդրում եմ բոլոր մեկնաբանությունների համար լրատվական դիմեք էլի: Ոչ մի բան չունեմ ասելու Ձեզ»:

Հրաժարական ներկայացրած արտգործնախարարի բոլոր չորս տեղակալներից չի ընդունվել միայն Արմեն Ղևոնդյանի հրաժարականը, և փաստորեն, ի պաշտոնե նա պետք է շարունակի ղեկավարել հանրապետության համար կարևոր գերատեսչությունը։

Արդյո՞ք հրաժարականի դիմում ներկայացրած Ղևոնդյանը հետ է վերցրել իր դիմումը և շարունակելու է պաշտոնավարել, Արտգործնախարարությունից դեռ չի հաջողվել արձագանք ստանալ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում հրաժարականների շարքը սկսվեց մայիսի 27-ին, երբ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պաշտոնավարելով կես տարուց փոքր-ինչ ավելի։ Ընդ որում, չորս օր անց Արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ Այվազյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ իր հրաժարականի պատճառի վերաբերյալ. «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել»։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսնակ Մանե Գևորգյանը նույն օրն արձագանքեց Այվազյանի այս հայտարարությանը՝ «Արմենպրեսի» հետ զրույցում նշելով, թե «մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի` այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին»։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը ցայսօր լռում է, չնայած լրագրողների ջանքերին. «Ոչ մի բան չեմ ասի, մեկնաբանել եմ»:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 31-ին Արա Այվազյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Նման իրավիճակը Հայաստանի արտգործնախարարությունում աննախադեպ է 1991թ.-ից ի վեր։

Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը, ով 13 տարի՝ մինչև 2018թ.-ը աշխատել է Հայաստանի արտգործնախարարությունում, այնուհետև Անվտանգության խորհրդում, այսօր «Ազատության» հետ զրույցում արտաքին քաղաքական գերատեսչությունում ստեղծված իրադրությունը բնութագրեց որպես ճգնաժամային. «Սա, բնականաբար, բոլորիս անհանգստացնող հանգամանք է, որովհետև երբ համակարգը լքում են այդպիսի փորձառու դիվանագետներ, ռեսուրսի արտահոսք է տեղի ունենում` արտգործնախարարի տեսքով, այնուհետև փոխնախարարների, սա կարող է խոսել միայն ճգնաժամի առկայության մասին: Ինչպիսի՞ ճգնաժամի մասին կարող ենք այս պահին խոսել. կարծում եմ` կարող է ճգնաժամը լինել և՛ համակարգային, և՛ գաղափարական»:

Մարգարյանն ուշադրություն հրավիրեց՝ ավելի քան տասը օր է՝ մայիսի 27-ից ի վեր Արտգործնախարարությունում նման իրավիճակ է, սակայն կառավարությունը կարծես չի շտապում հանգուցալուծել այն. «Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, չափազանց, որովհետև հիմա տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որ մենք արտաքին դաշտում պիտի կարողանանք դրանք առաջ մղել: Եթե մենք կորցնում ենք մեր փորձառու դիվանագետներին, դա նշանակում է` մենք այդքան էլ չենք կարևորում գիտական, մասնագիտական ոլորտային ռեսուրսը: Եվ եկեք չմոռանանք` օբյեկտիվորեն արտաքին գերատեսչական մարմին է դա, մի մարմին է, որն ունի ինստիտուցիոնալ հիշողություն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG