Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը «չգիտի», թե որն է արտգործնախարարի «հրաժարականի դրդապատճառը»


Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված նախարարն առարկություն չի հնչեցրել, այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, ասաց Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողը մասնավորապես հետքրքրվեց Մակունցից, թե արդյո՞ք վարչապետի՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկն է պատճառ դարձել արտոգործնախարարի հրաժարականի համար։

«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետն արտգործնախարարի պաշտոնակատարին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել, մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ», - պատասխանեց Մակունցը։

Արա Այվազյանը, հիշեցնենք, հրաժարականի դիմում ներկայացրեց Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի արտահերթ նիստից ժամեր անց, երբ հայտնի դարձավ իրավիճակի հանգուցալուծման Փաշինյանի առաջարկի մասին։

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է սահմանային հատվածներից դուրս բերել զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։

52-ամյա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին: Դրանից առաջ նա Հայաստանի դեսպանն էր Մեքսիկայում ու մի քանի եվրոպական երկրնում։ Այվազյանը պատերազմից հետո հրաժարական ներկայացնող երկրորդ արտգործնախարարն է։

Հրաժարականի դիմումից չորս օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արա Այվազյանի հրաժարականը։



XS
SM
MD
LG