Մատչելիության հղումներ

Սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումը «օրերի հարց է». Գեղարքունիքի մարզպետ


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, ինչից հետո ճշգրտումներ կարվեն, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Ռուս սահմանապահների տեղակայումը, ըստ մարզպետի, օրերի հարց է. - «Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի գործընկերները՝ զինվորականները, նրանց մի մասը արդեն մարզում են և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, հայ և արդբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն», - ասաց Սանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ բանակցությունները եռակողմ են՝ Հայաստան – Ռուսաստան - Ադրբեջան ձևաչափով:

Մարզպետն անդրադարձավ նաև Վերին Շորժայի սահմանային հատվածում տեղի ունեցած երեկվա փոխհրաձգությանը: Նրա խոսքով՝ սահմանային իրավիճակը կայուն է, նոր միջադեպեր չեն գրանցել. - «Մայիսի 12-13-ից սկսած իրավիճակի մեծ մասը ձեզ ծանոթ է, մեծ առումով փոփոխություններ չկան՝ բացառությամբ պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում։ Նման միջադեպ նաև օրերս ունեցանք, որի արդյունքում նաև մեր զինվորներից թեթև վիրավորում ունեցող զինվորական ունեցանք։ Այս պահին վիճակը շարունակում է նույնը մնալ, կայուն է։ Նոր միջադեպեր չկան»։

Ադրբեջանական զինուժն արդեն գրեթե 2 ամիս է հատել է Հայաստանի սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ու չի հեռանում։ Այս ընթացքում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում. Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի կրակահերթից մեկ հայ զինծառայող էր զոհվել, վեցն էլ գերեվարվել էին:

Մայիսին Հայաստանի տարածք ներթափանցումից հետո Հայաստանի վարչապետն էր առաջարկել հայելային եղանակով հետ քաշել սահմանից և այնտեղ ռուսական կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դիտորդներ տեղակայել։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած գյուղերում ադրբեջանական ներխուժումից հետո դեռ անորոշ իրավիճակ է։ Գյուղացիների արոտավայրերն անմիջապես ադրբեջանցիների վերահսկողության տակ են: Անասուներին, ասում են, արածեցնելու չեն կարողանում տանել, զգուշանում են:

Անցած ամիս Կութից շուրջ 80 գլուխ անասուն էր անցել ադրբեջանական կողմ, կենդանիներին վերադարձնել այդպես էլ չէր հաջողվել։ Կութեցիները հույս ունեն՝ ռուս սահմանապահների ժամանումից հետո իրավիճակ կփոխվի: Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասում է՝ ռուսական կողմը մոտ կես ամիս առաջ էր գյուղում, եկել ծանոթացել են տարածքին: Գյուղի ղեկավարը լսել է, որ ռուս սահմանապահները 15 օրից են գալու. - «Չգիտենք։ Հաստատ երբ են գալու մեզ մոտ, չգիտենք։ Բայց գիտենք, որ Հայաստանում են, արդեն Գեղարքունիքի մարզում են։ Մի տասնհինգ օր առաջ են եկել, տեղերը հատկացրել։ Ասել են տասնհինգ օրից հետո կգանք... արդեն տասնհինգ օրը անցել ա, երևի կգան, կկանգնեն»։

Վերին Շորժայում էլ են մարդիկ մտահոգ, հատկապես երեկվա միջադեպից ​հետո: Գյուղացիները տեղեկություն ունեն՝ ռուսների մի մասն արդեն գյուղում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG