Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը նշանակում է` «կառույցը ցանկություն չունի որևէ կերպ ներգրավվել այս գործընթացում»


Պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարում է՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է Զասը։

Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական զինուժը Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով հատեց սահմանը և մինչ օրս չի հեռացել Հայաստանի տարածքից։ Այս ընթացքում հայաստանցի ու ադրբեջանցի զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են եղել, ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող է զոհվել, ևս վեցը գերեվարվել էին։ Տարբեր խնդիրների առաջ են կանգնել նաև սահմանամերձ շրջանների բնակիչները, որոնք ապրում են զինված ադրբեջանցիների կողքին, զրկվել են արտովայրերից։

Ադրբեջանական ներթափանցումից մի քանի օր անց Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Այս դիմումից մեկուկես ամիս անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե հակամարտության սրացում չկա, և դա շատ լավ արդյունք համարել. «Առջևում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման ուղղությամբ, այս բոլորը վիճահարույց հարցեր են, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»։

ՀԱՊԿ-ի տևական լռությունից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը մայիսի վերջին ևս մեկ հայտարարություն արեց՝ առաջարկելով հայկական և ադրբեջանական զորքերը հայելային եղանակով հետ քաշել ու Սոտք-Խոզնավար հատվածի ողջ երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել։ Օրեր առաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատել էր, թե ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ։

Զասն այսօր հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի կայացվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է», - ասել է գլխավոր քարտուղարը` հավելելով, թե կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ գլխավոր քարտուղարի հայտարարությունից ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը զրո ցանկություն ունի որևէ կերպ ներգրավվելու այս գործընթացում. «Այլ կերպ այս հայտարարությունը մեկնաբանել չի կարելի, որ մենք այստեղ անելիք չունենք: Դա առնվազն երկկողմ հարաբերությունների խնդիր է, այսինքն` կա նաև Ադրբեջանի, այլ պետություններն են ներգրավված. մենք գիտենք, որ Ռուսաստանում այս գործընթացում ներգրավված է, և հիմա բանակցություններ են ընթանում, որ ռուսական սահմանապահ զորքերը տեղակայվեն Խորհրդային Հայաստանի սահմանի երկայնքով, ապա ՀԱՊԿ-ը, իսկ գիտենք, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ում ամենահզոր պետությունն է ու վճռորոշ դերակատարում ունի, այսինքն` ակնարկը նա է, որ ՀԱՊԿ-ը այստեղ` որպես կազմակերպություն անելիք չունի: Սա Հայաստան-Ադրբեջան հարթության մեջ է կամ գուցե և եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան»:

Քաղաքագետն ընդգծում է՝ այն, ինչ կատարվել է Հայաստանում մայիսի 12-ից սկսված, իհարկե սահմանային միջադեպ չի կարելի համարել։ Տեղի է ունեցել բացահայտ, մի քանի ուղղություններով ներխուժում Հայաստանի տարածք. «Սակայն նաև մենք պետք է հասկանանք, որ եթե Հայաստանը ինքը փաստացի բանակցությունների մեջ է մտնում Ադրբեջանի և Ռուսաստանի հետ և այս իրադարձություններից հետո պատրաստվում է ստորագրել, միգուցե կստորագրի մոտ ապագայում, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարություն կամ համաձայնագիր, ապա անուղղակիորեն ինքներս ենք փաստորեն ընդունում, որ խոսքն ընդամենը սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիային է վերաբերում»:

Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը որևէ կերպ չեն արձագանքել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG