Մատչելիության հղումներ

Զաս. ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին


Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: Այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա:

Հիշեցնենք, սակայն, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակահերթից:

Ստանիսլավ Զահի գնահատմամբ` հակամարտության սրացում չկա: «Սկզբունքորեն, հիմա պետք չէ ասել, որ իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ սրվում է: Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման ուղղությամբ, այս բոլոր վիճահարույց հարցերը, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նա նաև տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակում, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակի քննարկում ենք ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որ անցկացվել է Դուշանբեում», - հավելել է նա:

Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի կայացվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է», - ասել է գլխավոր քարտուղարը` հավելելով, թե կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

Արդեն գրեթե երկու ամիս Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ներթափանցած ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը որպես իրավիճակի լուծում առաջարկել էր զորքերը երկու կողմերից էլ՝ հայելային եղանակով հետ քաշել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։ Մոտ երկու շաբաթ առաջ էլ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ:

XS
SM
MD
LG