«Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», - հավելել է Ասատրյանը:
Ադրբեջանը հերքում է հայկական կողմի հայտարարությունը՝ պնդելով, որ կրակոցներ չեն արձակվել, իրենք էլ վիրավորներ չունեն։
Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական զինուժը Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով հատեց սահմանը և մինչև օրս չի հեռացել Հայաստանի տարածքից։ Այս ընթացքում հայաստանցի ու ադրբեջանցի զինվորականների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։
Մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր էին արձակվել, ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող էր զոհվել, ևս վեցը գերեվարվել էին։ Դրանից հետո՝ վերջին շաբաթներին, լուրջ միջադեպերի մասին տեղեկություններ չկային։
Օրերս, պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարեց, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է Զասը։
Երևանից Զասին հայտարարությունը տարօրինակ էին որակել և զսպվածության կոչ արել՝ հրավիրելով ՀԱՊԿ ներկայացուցիչներին տեղում իրավիճակին ծանոթանալու։
Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժուման հետևանքով տարբեր խնդիրների առաջ են կանգնել նաև սահմանամերձ շրջանների բնակիչները, որոնք ապրում են զինված ադրբեջանցիների կողքին, զրկվել են արոտավայրերից։
Այսօր միջադեպեր են տեղի ունեցել նաև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի ուղղությամբ։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի տեղեկացմամբ, վաղ առավոտյան Խնածախ գյուղի հովվի խոշոր եղջերավոր անասուններից երեքը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին, և ադրբեջանցի սահմանապահները վերցրել են անասուններին։ Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո անասուններին վերադարձրել են։
«Անասունը դեպի արոտի որ գնում ա, մոտիկ ա անցնում սահմանապահ զորքերի, մերն էլ, իրանցն էլ շատ մոտիկ են կանգնում իրարից, էդ տարածքով են անցնում։ Դե կարող ա անասունները հինգ մետր անցած լինեն, երեք մետր անցած լինեն... Ադրբեջանի սահմանապահ զորքերը, առիթից օգնտվելով, անասունները վերցրել են միանգամից։ Էդ պահին ինքը զանգել ա ինձ, ես էլ միանգամից զանգել եմ մեր բանակային կորպուսի հրամանատարին, արագ ամեն մեկս մեր ուղղություններով աշխատել ենք ռուս խաղաղապահների հետ միասին։ Երկուս ու կես ժամվա բանակցությունների արդյունքում անասունները Ադրբեջանի սահմանապահ զորքերի կողմից հետ են ուղարկվել»։
Այս և Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը վերաբերող մեկ այլ միջադեպի է այսօր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշել է, որ այսօր բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։
«Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը»,-հայտարարում է Հայաստանի օմբուդսմենը։