Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժի ներկայությունը Հայաստանի սահմանային գյուղերի հարևանությամբ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է, շեշտում է Թաթոյանը


Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցում է սահմանագոտում մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորների հետ, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցում է սահմանագոտում մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորների հետ, արխիվ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը Հայաստանի Հանրապետության սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է, հայտարարում է օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: - «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»:

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:

Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ», - ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը երեկ «Ազատությանը» հայտնեց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանի հրահրած փոխհրաձգության մասին, որի հետևանքով հայկական կողմից մի զինծառայող թեթև վիրավորում է ստացել, ադրբեջանական կողմն ունի երկու վիրավոր:

Ադրբեջանը հերքում է հայկական կողմի հայտարարությունը՝ պնդելով, որ կրակոցներ չեն արձակվել, իրենք էլ վիրավորներ չունեն։

Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական զինուժը Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով հատեց սահմանը և մինչև օրս չի հեռացել Հայաստանի տարածքից։ Այս ընթացքում հայաստանցի ու ադրբեջանցի զինվորականների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG