Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Արմեն Չարչյանի պաշտպանական թիմի բողոքի քննությունը


Վերաքննիչ քրեական դատարանը քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանական թիմի բողոքը, որով վերջիններս պահանջում են վերացնել կալանքն ու ազատ արձակել նրանց։

Արդեն երկու շաբաթ է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել Չարչյանին, բայց պրոֆեսորը ոչ թե կալանավայրում է, այլ հիվանդանոցում։ Նրա փաստաբանները փոխանցել էին, որ սրտի վիրահատություն տարած և շաքարային դիաբետ ունեցող 61-ամյա Չարչյանի ինքնազգացողությունը վատացել է կալանավորման որոշումից հետո և որ Շենգավիթ բժշկական կենտրոնում նա վիրանատվել է։

Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ բժիշկը կխոչընդոտի գործի քննությանը, կազդի այս գործով ցուցմունք տվածների վրա։ Իսկ փաստաբանները հակադարձում են, թե գործի նախաքննությունն արդեն ավարտված է, ինչպե՞ս կարող է դրանից հետո Չարչյանը ազդել վկաների վրա։

Իր հերթին, այս գործը քննած Հատուկ քննչական ծառայությունը անցած շաբաթավերջին հաղորդեց, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար:

Արմեն Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածեց «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավորի թեկնածուին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։ «Ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն-ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք, ով չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ», - ասվում է ձայնագրության մեջ։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը շաբաթներ առաջ դատարանի բակում պնդել էր՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG