Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը Չարչյանի պաշտպանական թիմին հորդորում է մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում


Գլխավոր դատախազությունը հորդորում է Արմեն Չարչյանի փաստաբանական կողմին դադարեցնել «փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները» և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում: Այս մասին դատախազությունը նշել է հաղորդագրության մեջ, որով անդրադառնում է Վերաքննիչ դատարանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Չարչյանի պաշտպանական թիմի ներկայացրած բողոքի քննության հետաձգմանը. պաշտպանական թիմը պահանջում էր վերացնել նրա կալանքը որպես խափանման միջոց։

Ըստ իրավապահ կառույցի` պաշտպանները դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները:

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը, հիշեցնենք, ըստ էության ասել էր, որ դատախազը նիստը հետաձգել է, քանի որ նրա աշխատանքին ժամն ավարտվել է. «Ո՞նց կարող է դատախազն այդքան անպատասխանատու վերաբերվել մարդու ճակատագրին, կյանքին ու առողջությանը»:

«Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանը, ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը», - պարզաբանում է գլխավոր դատախազությունը` նաև շեշտում, որ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, որ գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է քրգործի նախաքննության ավարտին, ապա դատախազությունը նշում է, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց. Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի և պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG