Մատչելիության հղումներ

Չարչյանի գործողություններում հանցակազմ չկա. փաստաբան 


Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը զրուցում է «Ազատության» հետ
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը զրուցում է «Ազատության» հետ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի գործողություններում հանցակազմ չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց պրոֆեսորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հարց բարձրացրեց՝ գործով քննող քննիչն ինչո՞ւ է հիմք ընդունել «Իզմիրլյանում» կայացած ժողովում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Չարչյանի ելույթի ձայնագրության ոչ ամբողջական տարբերակը, այնինչ կա ամբողջականը. «Առաջին հայացքից այդ 9 րոպեանոց ձայնագրությունը լսելով միգուցե տպավորություն ստեղծվի, որ այո, հարկադրանքի ինչ-ոչ միջոցներ են կիրառվել, հարկադրել է պարոն Չարչյանը և այլն, բայց եթե ուսումնասիրենք ամբողջ խոսակցության բովանդակությունը, որը որ տեղի է ունենում 9 րոպեից հետո մինչև 12 րոպե, եթե չեմ սխալվում, 30 քանի վայրկյան, ապա կնկատենք, որ հաջորդիվ խոսակցությունը կայանում է հետևյալում, որ անկախ նրանից` իքս անձը կքվեարկի, թե ոչ, իսկ իգրեկ անձը ում օգտին կքվեարկի, անկախ նրանից` օրինակ` «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկի, թե ոչ, որևէ նշանակություն չունի, ընտրություններից հետո որևէ աշխատակցի նկատմամբ ռեպրեսիա և բացասական հետևանք այդ հանգամանքը չի առաջացնելու»:

Երեկ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Դատարանի որոշումից հետո փաստաբանը հայտարարեց, որ այն համարում են ոչ իրավաչափ և բողոքարկելու են։

Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածեց «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավորի թեկնածուին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

«Ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության, և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք, ով չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ», - ասվում է ձայնագրության մեջ։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Արգելվում է քարոզչությունն ու հակաքարոզչությունը բուժհաստատություններում, և Էրիկ Ալեքսանյանին «Ազատությունը» այսօր հարցրեց՝ արդյո՞ք Արմեն Չարչյանի արարքը օրենքի խախտում չէ, երբ հայտարարում է, որ Մայր Աթոռի դիրքորոշումն է՝ ներկա իշխանությունները պետք է հեռանան, իսկ հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։

«Միանշանակ չէ, որովհետև եթե տեսաձայնագրությունն ամբողջ ծավալով ուսումնասիրեք, ապա կնկատեք, որ ի սկզբանե պարոն Չարչյանն իր խոսքում ընդգծում է, որ սա քարոզչություն չի: Նա առաջին անգամ ներկայանում է իր աշխատակիցների առաջ առանց այսպես ասած` խալաթի, ոնց որ ինքն է ասում իր խոսքում», - պատասխանեց Ալեքսանյանը:

Երեկ մինչև կալանավորման մասին դատարանի որոշման հրապարակումը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարը տեղափոխվել էր հիվանդանոց:

«Պարոն Չարչյանն արդեն 20 տարուց ավելի ունի շաքարային դիաբետ և նաև այս վերջերս ունեցել է սրտի ծանր վիրահատություն», - հայտնեց փաստաբանը:

Ըստ Ալեքսանյանի` դատարանը պատշաճ չի գնահատել Չարչյանի առողջական վիճակը, ուստի իրենք երեկ միջնորդություն են ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով նրան իր որոշմամբ նախաքննության փուլում փոխել խափանման միջոցի տեսակը և գրավով ազատ արձակել Չարչյանին։

Այսօր երեկոյան կողմ Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամները՝ պահանջելով ազատ արձակել Չարչյանին. «Պահանջը հստակ է` Հայաստանի գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունները և անհապաղ ազատ արձակի, փոխի պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG