Մատչելիության հղումներ

Չարչյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. փաստաբանը սա անպատասխանատու վերաբերմունք որակեց


Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանական թիմի ներկայացրած բողոքի քննությունը, որով պահանջում էին վերացնել նրա կալանքը որպես խափանման միջոց։

Փաստաբանական թիմը տարօրինակ է համարում, որ դատախազն ի սկզբանե համաձայն էր քննությունը շարունակել աշխատանքային օրվա ավարտից հետո, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ըստ Արամ Վարդևանյանի, հանկարծ որոշեց հետաձգել այն մինչև երեքշաբթի. «Օրինակը եկեք փորձենք պրոյեկտել. դիմում է բժշկի 5:30, բավականին ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում, բժիշկը սկսում է վիրահատել իրեն, մեկ էլ նայում է ժամին` 6:02 է, ասում է` գիտես ինչ, ես գնում եմ, իմ աշխատանքային ժամն ավարտվել է, հա ի դեպ, քեզ պետք է վիրահատեմ դեռ, բայց ես չեմ վիրահատի, ես այդ վիրահատությունը կշարունակեմ մի քանի օրից, ես հիմա էլ չեմ ուզում աշխատել: Իդենտիկ օրինակ», - ասաց փաստաբան Վարդևանյանը` հավելելով. «Ո՞նց կարող է դատախազն այդքան անպատասխանատու վերաբերվել մարդու ճակատագրին, կյանքին ու առողջությանը»:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Արմեն Չարչյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Ուստի, փաստաբանի պնդմամբ` նման պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք լինել քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են: Նա պնդում էր, որ փաստացի Չարչյանին կալանքի տակ պահելու երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն:

«Երկու հիմքն էլ այլևս գոյություն չունեն, և դրա հետ հաշվի չնստել ուղղակի իրավաբանություն չի, ուրիշ բան է, հուսով եմ, մենք ամեն դեպքում եկել ենք դատարան, որտեղ կա ՀՀ զինանշանը, դրոշը: Հույս ունենք, որ կունենանք հանուն Հայաստանի Հանրապետությունից բխող, օրենքից ու իրավունքից բխող դատական ակտ: Այս դեպքում այլընտրանքը կալանքից ազատելու ուղղակի չկա»:

Ի դեպ, Վարդևանյանից տեղեկացանք, որ դատախազությունը մերժել է նաև Ազգային ժողովի 7 ընդդիմադիր պատգամավորների և 3 բժիշկների կալանքը փոխելու միջնորդությունը։

«Երկու օր առաջ ինձ տեղեկացրին, որ մերժել են այդ երաշխավորության միջնորդությունը, քանի որ դեռ գործ ունեն անելու, վկաների և այլն, այսինքն` ռիսկերը կան: Դե անկեղծ չէին, մեղմ ասած, հեչ անկեղծ չէին դատախազության ներկայացուցիչները: Եթե ամեն դեպքում նախաքննության ավարտ է այսօր հայտարարվում, ուրեմն վստահ եղեք` երկու օր առաջ դրան նախապատրաստվել էին արդեն, այսինքն` այդ տվյալն իրենք ունեին` մեկը հսկողն է, մեկը քննիչն է, ինչի՞ մասին է խոսքը, պարզապես կամայական մերժել են», - ասաց փաստաբանը:

Վարդևանյանը հայտնեց, որ Արմեն Չարչյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, և անգամ եթե խափանման միջոց կալանքը փոխվի ազատությամբ, միևնույն է` նա կշարունակի գտնվել հիվանդանոցում` հետվիրահատական բուժում ստանալու նպատակով:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև Չարչյանի թե՛ քաղաքական, թե՛ բժշկական ոլորտի գործընկերները դատարանի բակում էին` նրան աջակցելու:

Վերաքննիչ դատարանը Արմեն Չարչյանի պաշտպանական թիմի ներկայացրած բողոքը` կալանքը որպես խափանման միջոց վերացնելու վերաբերյալ, կքննի արդեն երեքշաբթի: Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։ Պրոֆեսոր Չարչյանը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել:

XS
SM
MD
LG