Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստին ԱԳՆ-ից ոչ ոք չի մասնակցել


Այսօր արտաքին գործերի նախարարությունից ոչ ոք չէր ներկայացել գործադիրի նիստին։ Իսկ առավոտյան Ազգային ժողովում նշանակված 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը երկու անգամ հետաձգվեց, ինչից հետո արտաքին գերատեսչությունը նիստին ներկայացավ վարչության պետի մակարդակով։

Ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքվեց ինչու փոխնախարարներից ոչ մեկը չի եկել․ - «Դուք ԱԳՆ-ի ֆինանսական վարչության պետն եք, չէ՞։ Ի՞նչն ա խնդիրը, մենք որևէ նախարարի տեղակալ չունե՞նք էս պահին»։

«Ես պատասխանեմ», - միջամտեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ - «Արտգործնախարարությունից նամակ են ուղղել Ազգային ժողովի նախագահին և, կապված զբաղվածության հետ, խնդրել են, որ ֆինանսական վարչության պետը գա, ինչն էլ ընդառաջվել է»։

ԱԺ անկախ պատգավոր Թագուհի Թովմասյանը ասաց, թե տեղեկություն ունի, որ նախարարի պաշտոնկատար Արա Այվազյանի հրաժարականից հետո դիմումներ են գրել և հեռացել բոլոր չորս փոխարտգործնախարարները։

«Բյուջեի քննարկման հետաձգումը ամենաոչէական իրավիճակն է այս դեպքում, որովհետև նրանք կարող էին գալ, կարող էին չգալ։ Բայց որոշել են ընդհանրապես գնալ և պատասխանատվություն չկրել այն բոլոր քայլերի համար, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նրանք հետևողականորեն, նույնիսկ Արա Այվազյանը բարձրաձայնեց՝ ազգային շահին դեմ քայլեր են իրականացնում։ Եվ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և փոխնախարարները չեն ցանկանում մասնակից լինել այդ դավաճանական գործողություններին», - հավելեց Թովմասյանը։

Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառությունից «Ազատությանը» գրավոր պարզաբանում ուղարկեցին՝ հայտնելով, թե արտաքին գործերի բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Իսկ նախարարի պատրականությունները, առանց որևէ իրավական որոշման անհրաժեշտության, իրականացնում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը՝ այս դեպքում Արտակ Ապիտոնյանը։

Ինչու փոխնախարարներից որևէ մեկը չի ներկայացել գործադիրի նիստին և օրենսդիրի քննարկմանը, այս հարցերը արտաքին գերատեսչության լրատվականը առանց մեկնաբանության թողեց։

«Ազատությունը» փորձեց կապ հաստատել փոխնախարարներից մեկի՝ Գագիկ Ղալաչյանի հետ, ով հրաժարական էր ներկայացրել մայիսի 27-ին, նույն օրը, ինչ նրա ղեկավար Արա Այվազյանը։ Բոլոր հարցերին Ղալաչյանը մեկ պատասխան ուներ՝ գրավոր կարգով դիմեք լրատվական ծառայություն։

Արա Այվազյանը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ՝ մայիսի 27-ին, այն խոսակցությունների համատեքստում, որ գործող իշխանությունները պատրաստվում են եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձևաչափով նոր փաստաթուղթ ստորագրել։

«Երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականությանը, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել», - հրաժեշտի խոսքում հայտարարել էր Այվազյանը։

Այսօր արդեն պաշտոնաթող նախարարին «Ազատությունը» հանդիպեց արտգործնախարարության շենքից ոչ հեռու զբոսնելիս։ Նա սակայն հրաժարվեց մեկնաբանել հրաժեշտի խոսքում ասված աղմկահարույց հայտարարությունը։

XS
SM
MD
LG