Գարնանային արևոտ այս օրերին Բուլղադարյանների ընտանիքի երեխաները օրվա մեծ մասը բակում են անցկացնում, անհոգ խաղի ու ծիծաղի կողքին ծնողների թաքցրած ցավն ու դժվարություններն են։ Ընտանիքը Թալիշում էր բնակվում, արցախյան պատերազմի հենց առաջին օրը հազիվ են կարողացել թափվող արկերի ու կրակոցների տակ անվնաս դուրս բերել երեխաներին։
«Ավտոն, որ նստում էինք, էնքան շատ էինք, չէինք տեղավորվում, ամուսինս էլ 3 հարևան էր վերցրել հետներս, չէինք տեղավորվում, իրար վրա նստած եկել ենք, ապրիլին էլ էինք տենց եկել, հիմի էլ», - պատմում է Աննա Դանիելյանը։
7 երեխաներին ընտանիքի հայրը Կոտայքի մարզի Նոր գեղի համայնք է հասցրել, թողել ընտանիքին ապահով ձեռքերում ու ինքը կրկին հետ՝ Արցախ վերադարձել. «Հայ ազգը շատ լավն ա, մեզ օգնել են, Էս տանտերը եկավ, իրա ավտոյով, ամեն ինչով բերեց մեզ թողեց էստեղ, ասաց` էստեղ մնացեք, թող ամուսինդ գնա, ես ձեզ տեր կկանգնեմ, տենց էլ եղավ: Մեզ տեր ա կանգնել, հեսա 9 ամիս ա` ստեղ ենք, իրա հացով, իրա ջրով, ամեն ինչը ինքն ա մուծում»:
Նոր Գեղիում ապաստանելուց հետո ընտանիքը որևէ դժվարություն չի ունեցել, թե՛ անհատ քաղաքացիների, թե՛ պետության կողմից տարբեր տեսակի աջակցություն են ստացել։ Հայաստանի կառավարությունը Արցախից տեղահանվածների համար աջակցության մի քանի ծրագիր է իրականացրել, դրանցից մեկով պարենային աջակցություն է ցուցաբերվել։
«21 հազար շահառու Կոտայքի մարզից օգտվել են այս ծրագրից և ստացել են պարենային փաթեթ՝ 10 կգ ալյուր, 6 կգ ոսպ, 1 լիտր ձեթ և 1.5 կգ պահածոյացված միս», - մանրամասնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը:
Ծրագրերից 3-ն էլ նախատեսում են աջակցություն արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այդ ծրագրերով դրամական աջակցություն է տրամադրվում հյուրընկալող կողմին՝ Արցախում հյուրընկալելու դեպքում յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար 45 հազարական, իսկ Հայաստանում՝ 30 հազարական դրամի չափով։ Ծրագիրը 6 ամսվա համար է նախատեսված։ Դրամական աջակություն է նախատեսված նաև պատերազմական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված կամ հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների համար։ Օրինակ, վիրավորված զինծառայողներից 6 հազար 500-ին արդեն տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն՝ 500 հազար դրամի չափով։
Անդրադառնալով արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ այդ խնդրի լուծմանն ուղղված 2 ծրագիր կա։ Դրանցից մեկով վարձատրվող հասարակական աշխատանքներում արցախահայերին ներգրավման ծրագիրն է, որտեղ մեկ օրվա դիմաց տրամադրվում է վարձատրություն 8 հազար դրամի չափով՝ ներառյալ հարկերը։ Մյուս ծրագրով հնարավորություն է տրվում արցախահայերին նոր հմտություն ձեռք բերել, ինչպես նաև ամսական 100 հազար դրամ վարձատրություն ստանալ. «2 ծրագրերով միասին արդեն ունենք 190 շահառուների զբաղվածություն, որ ապահովվել է այս ամիսների ընթացքում։ Շահառու կարողանում են դառնալ այն տարածքների մեր Արցախի հայրենակիցները, որոնց բնակարանները, գույքը պատերազմի արդյունքում կամ վնասվել, ոչնչացվել եմ, կամ անցել են Ադրբեջանին պատերազմի արդյունքում»:
Այս ծրագրերից մեկով նաև Աննայի ամուսինն է կարողացել աշխատանք գտնել, արդեն 2-րդ ամիսն է աշխատում, օգնություններ են բաժանում զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ժամկետը կլրանա մայիսին, դրանից հետո ընտանիքը ուր է գնալու, ինչ է անելու, դեռ չգիտի. «Մենակ կացարանի խնդիր ունենք, որ էս մարդի տնից դուրս գանք, ամոթ ա, մենք էլ ենք ամաչում: Ամուսինս էլ չի ուզում Արցախ գնալ, արդեն երրորդ անգամն ենք փախել ենք, ուզում ա էս գյուղարանքներում տուն լինի, որ էս երեխեքը կարողանան սովորել»:
Հայաստանում արցախցիներին կացարանով ապահովման ծրագիր դեռևս չկա: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նաև այլ խնդիրներ է մատնանշում, որոնք դեռևս լուծման են սպասում։ Օրինակ, ուսումնական նոր տարվան ընդառաջ պետք է լուծել արցախցի դիմորդների ուսման հարցը. «Պատրաստվում եմ եկող շաբաթ այցելել նախարարություն, 1-2 առաջարկով, որպեսզի կարողանանք արդեն գործող արտոնությունները, որ կան միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների, դիմորդների համար, և բոլոր այն արտոնությունները, որոնք կզեղչեն 50 տոկոսով կամ որոշակի զեղչային ճկուն համակարգ են առաջարկում մեր քաղաքացիներին, տարածվեն նաև Արցախից տեղահանված մեր դիմորդների վրա»։
Ի սկզբանե խնդիրները բազմաթիվ են եղել՝ ժամանակավոր կացարանով ապահովելուց մինչև կարիք ունեցող արցախցիներին անվճար դեղորայքով ապահովելը։ Դժվարությունների առաջ են կանգնած եղել նաև հեռավար ուսմանը մասնակցող դպրոցականները։ Բոլոր այս խնդիրները ինչ-որ չափով լուծում ստացել են, ասում է պատգամավորը, իսկ առկա խնդիրները կարգավորելու համար քայլեր ձեռնարկվում են։