Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել է Հայաստանի կառավարության հետ համատեղ մեկնարկելիք՝ պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ վնասված անշարժ ու շարժական գույքի, շրջանառու միջոցների ու այգիների դիմաց տրվող պետական աջակցությունը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է տվյալ միջոցառման նշանակությունը բնակիչների ֆինանսական հիմնախնդիրների լուծման և Արցախի տնտեսության վերականգնման հարցում: Նախագահի հանձնարարությամբ կստեղծվի պետական հանձնաժողով, որը և կմշակի աջակցության տրամադրման կարգն ու մեխանիզմները՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները: