«Սեպտեմբերի 27-ից մասնակցել եմ, հոկտեմբերի 8-ին վիրավորում եմ ստացել Հադրութում, տեղափոխել են ստեղ, պառկել եմ առաջին հիվանդանոցում։ Ունեմ էպիկրիզը, սաղ թղթաբանությունը, բայց ոչ մի բան։ Իմ նման շատ-շատերը կան, մոտավորապես երևի մի հինգ հարյուր հոգի կա», - «Ազատությանն» ասաց Ավագյանը։
Հայաստանում Արցախի տեղեկատվական շտաբն օրական 10-15 այսպիսի զանգ է ստանում։ Փորձում են ուղորդել, բայց Մարտիկի պես շատերը այդպես էլ տեխնիկական խնդիրների պատճառով դեռ թղթեր են հավաքում, կաբինետից կաբինետ են անցնում։
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունից ասում են, որ տեղյակ են խնդրից, փորձում են կարգավորել։ Նախարարության աշխատակից Արտակ Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մոտ 2500 վիրավոր զինվոր արդեն իսկ ստացել է իր օգնությունը, և հորդորեց մնացածին էլ չհուսահատվել, քանի որ ծրագիրը գործելու է մինչև ապրիլի կեսը, իսկ տեխնիկական խնդիրները շտկվում են․ - «Անընդհատ համադրումներ անում ենք, հնարավոր ա տվյալը ճշտվի․․․ էնպես չի, որ մեկ անգամ մեկ անգամ մերժեցինք, դա նշանակում ա, որ վերջ, դուք ոչինչ չեք ստանալու»։
61 մլրդ դրամ աջակցություն արցախցիներին։ Այս թիվն անցած շաբաթ հրապարկեց կառավարությունը՝ տեղեկացնելով, որ այսքան գումար հատկացվել է ավելի քան 10 սոցիալական աջակցության ծրագրերին։ Հերթական ծրագիրը փետրվարի 25-ից է մեկարկնելու. 4 ամիս շարունակ 68 հազարական դրամ օգնություն կտրամադրվի կանանց, երեխաներին, 63 տարին լրացած կենսաթոշակառուներին, առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցող հաշմանդամներին:
Այդուհանդերձ նոր դիմումներ չեն շտապում լրացնել դեռևս հին ծրագրերից այդպես էլ գումար չստացած արցախցիները։ Բավական էր Ֆեյսբուքում մեկ գրառում անել՝ ովքեր մինչև օրս չեն ստացել պետական աջակցությունը, և ընդամնեը մեկ-երկու ժամվա ընթացքում ավելի քան 200 մարդ արձագանքեց։ Մեկը չէր ստացել արցախցիներին հյուրընկալելու, մյուսը՝ անչափահաս երեխաների համար նախատեսված աջակցությունը։
Բողոքողների մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածնքերում բնակվող քաղաքացիներն են։ Պնդում էին՝ ամիսներ է անցել, սակայն պետության խոստացած 300 հազար դրամը չկա։
Հադրութի Առաջամուղ գյուղից դուրս եկած Աննա Վարդանյանը երկու անչափահաս երեխաների հետ տուն է վարձակալել Վայքում։ Դիմել է և՛ Արցախի, և՛ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։ Դեռ հստակ պատասխան չկա։
«Ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ մենք ընտեղից դուրս կգանք, էլ հետ չենք գնալու։ Էդ օրը մենք մի կերպ փրկվել-էկել ենք, էդ պահին չէինք մտածել ո՛չ լվացքի մեքենային, ո՛չ սառնարանի, ո՛չ էլ ինչ-որ ուրիշ բանի մասին։ Բայց պետությունն էլ պիտի դա գիտակցի», - «Ազատությանն» ասաց Վարդանյանը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից Ստեփանակերտ տեղափոխված Օկսաննա Շահգելդյանը նույնպես մինչև օրս չի կարողանում ստանալ երկու անչփահաս երեխաների համար նախատեսված պետական աջակցությունը։
Նորից ասում են՝ ծրագրային խնդիր է, երեխաների գոյությունը հաստատել չի ստացվում․ - «Գրվում ա, որ էդ համայնքում էրեխեքը գրանցում չունեն։ Բայց էրեխեքը էդ գյուղում դպրոց, մանկապարտեզ են գնացել։ Մեր համայնքի ղեկավարը մեր ցուցակը ներկայացրել է սոցապ ծառայությանը։ Ասում են՝ ուղարկում են Հայաստան էդ փաստաթղթերը»։
Աշխատանքի և սոցիալական նախարարությունից հաստատեցին՝ ցուցակները ստանում են։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածնքերում բնակվող քաղաքացիներին 300 հազարական դրամ աջակցություն տրամադրելու գործընթացում խնդիրներ առաջանում են այն դեպքում, երբ պարզվում է, արցախցին փաստացի ապրել է, բայց հաշվառված չի եղել այդ տարածքում։
Ըստ նախարարության աշխատակից Անահիտ Գալստյանի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառում ունեցող մարդիկ ավելի հեշտությամբ են ստանում այդ գումարները․ - «Հաշվառում չունեցողների պարագայում մենք ստիպված ենք սպասել, որ մինչև Արցախից ստանանք այդ տեղեկատվությունը, որի հիման վրա կարող ենք ֆինանսավորում իրականացնել»։
Այդուհանդերձ, նախարարությունից արցախցիներին հորդորում են կապի մեջ լինել իրենց վարչական շրջանների ղեկավարների հետ, քանի որ պետական օգնություն ստանալու համար ցուցակները կազմվում են Արցախում, այնուհետև միայն ուղարկվում Հայաստան։