Մատչելիության հղումներ

Փաշինյանի մարզային այցը չհայտարարված քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում է որակվում


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում հանդիպումներ է ունեցել մի քանի համայնքների բնակիչների հետ, ինչը ընդդիմադիրները, իրավապաշտպանները չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում են համարում։ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավը, ըստ էության, պաշտոնապես հունիսի սկզբին կսկսվի։

Ներքին Բազմաբերդում Փաշինյանը ավելի քան 40 րոպե ելույթ է ունեցել։ Խոսել, օրինակ, որ պատերազմից հետո տևած հինգ ամսվա հակադրության մեջ իրենց հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից։ Պնդել, թե Հայաստանում կան մարդիկ, ուժեր, որոնք արյուն են ուզում, այլ ոչ թե ընտրություն. «Թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թույլ չեմ տալու, որ դուք լինեք իմ և մեր դատավորը, իմ և մեր դատավորը պետք է լինի ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է, որ կարող է դատի ձեզ էլ, մեզ էլ»։

Փաշինյանն անդրադարձել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջինհայտարարությանը, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում. «Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում քաղաքական 2 անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախչել, եթե ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ, որևէ մեկը չմտածի, որ ես ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ»։

Փաշինյանը ելույթի մի մասն էլ նվիրել է Ղարաբաղյի հարցին՝ ասելով, թե ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, խնդիրը լուծված չէ։ Վարչապետը, որին նրա ընդդիմախոսները մեղադրում են պատերազմի հանգեցրած դիվանագիտական ֆիասկոյի համար, նաև շատ յուրովի է մեկնաբանել, թե ինչու զոհվեցին ռազմական գործողությունների հազարավոր մասնակիցները. «Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա, մենք բոլորս դա գիտենք չէ՞: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց էլի ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»:

Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից՝ դա ձեռնտու համարելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանի համար։ Հավելել է՝ եթե որևէ մեկն ասի, թե այն ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք. «Դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային կոմունիկացիոն և ցամաքային կապ ստանանք երկաթուղիով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Վարչապետը հայտարարել է՝ համաձայն է, որպեսզի քննարկվեն պատերազմի բոլոր դրվագները, ինչպես նաև բանակցային գործընթացը։ Այս հայտարարությանն է արձագանքել խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Հիշեցնեմ, որ մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անձամբ նրան եմ հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Մինչ այժմ այդ նախաձեռնության վերաբերյալ որևէ արձագանք Փաշինյանից չեմ ստացել։ Եթե իրոք համաձայն եք քննության իրականացմանը, ապա ինչո՞ւ չի ստեղծվում փաստահավաք խումբը, և ի՞նչն է խանգարում քննությունը սկսելուն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Ներքին Բազմաբերդից հետո վարչապետը եղել է Նոր Եդեսիայում, Ուջանում և կրկին ծավալուն քաղաքական ելույթներ ունեցել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ սա նախընտրական քարոզարշավ է, և որ իշխանությունները նախապես պլանավորել էին այս ամենը, պատրաստվել հանդիպումների։ Ասաց՝ ստեղծվել է անհավասար պայքար մյուս ուժերի միջև. «Որովհետև միայն վարչապետի հայտարարությունը կամ գրառումն առ այն, որ լինելու են արտահերթ ընտրություններ, դա չի նշանակում, որ այդպիսիք իսկապես լինելու են: Հիշում եք` նախկինում հայտարարություն արվեց, հետո հրաժարվեցին այդ հայտարարությունից, այսինքն՝ օրինական կարգով հայտարարված չէ, բայց փաստացի մենք բոլորս հասկանում ենք, որ ուշ թե շուտ, ուզեն թե չուզեն այս իշխանությունները, մինևնույնն է` լինելու է: Եվ այս միջոցառումները, որ սկսում են աշխատացնել, դրանք, այո, նախընտրական քարոզարշավի էլեմենտներ պարունակող գործողություններ են։

Ահա թե ինչի համար գործող իշխանություններին ձեռնտու չէ նոր Ընտրական օրենսգիրքը, որովհետև որոշակի սահմանափակումներ կդրվեին ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման հետ կապված, այ թե որտեղ ռեյտինգային ընտրությունների վրա հույս են դնում նաև գործող իշխանությունները»։

Իրավապաշտպանի տեսակետը կիսում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նկատելով վարչապետի այս քայլն իր համար զարմանալի չէր. «Միանշանակ համաձայն եմ հնչած գնահատականների հետ, որ նա կիրառում է վարչական ռեսուրս, որ սա այլևս չհայտարարված քարոզարշավ է, բայց, անկեղծ ասած, զարմանում եմ, որ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրատվամիջոցներ շարունակում են զարմանալ իր քայլերի վրա։ Նա արել է, անում է և անելու է Սահմանադրության օրենքին հակասող ցանկացած քայլ` սեփական իշխանությունը պահելու համար։ Նա արել է, անում է և անելու է ամենամանիպուլյատիվ հայտարարությունները հասարակության մի հատվածին իր մանիպուլյատիվ ազդեցության տակ շարունակաբար պահելու համար»։

Ի դեպ, հանդիպումների ընթացքում Փաշինյանը նաև փաթեթներով նվերներ էր բաժանում հավաքներին մասնակից երեխաներին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG