Հայաստանի վարչապետի խոսքով` Ղարաբաղի հարցը լուծված չէ:
«Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ», - այսօր Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը: Հավելեց` Ադրբեջանի նպատակն այն է, որ ֆիզիկապես ոչ մի հայ Ղարաբաղում չմնա:
Հիշեցնենք, որ Ալհամ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցն այլևս անցյալում է: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ Ալիևը վերստին շեշտել էր` ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում:
«Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը` հավելելով, որ պետք է առաջ գնալ: Որպես դրա լուծում նա նշեց տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացումը:
«Կոմունիկացիների բացման թեման փոխշահավետ թեմա է, եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք, եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Եվ իհարկե, քննարկումներում շատ են լինելու շահարակումներ, բայց իմ ասած հարցի լուծման ուղղությամբ որևէ քայլ պետք է լինել այդ կոմունիկացիաների բացումը, որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանի, որովհետև նա պիտի կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային և կոմունիկացիոն կապ ստանանք երկաթուղիով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրի կետերից մեկում անդրադարձ կա տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերին: Մասնավորապես, ասվում է.
«Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»: