Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

«Հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - գրել է նա:

Հանդիպման վերաբերյալ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է Ֆեյսբուքում գրառում արել. «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»:

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին կողմ է նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Այդ մասին ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է Ֆեյսբուքում գրել։ Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։

«Վարչապետը, ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը», - նշել է Մարուքյանն իր գրառման մեջ։

«Լուսավորը» մինչ այս հայտարարում էր, որ իրենք կողմ կլինեն արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն մինչ հունիսի 1-ը։ Իսկ վարչապետի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող «Հայրենիքի փրկության շարժումից» դեռ չեն արձագանքում վարչապետի հայտարարությանը։ Խոստացան ավելի ուշ հայտնել իրենց դիրքորոշումը: Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերը համախմբող շարժման ներկայացուցիչները բազմիցս հայտնել են՝ դեմ են արտահերթ խորհդարանական ընտրություններին։ Փողոցային պայքարի անցած ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում ու այնուհետև արտահերթ ընտրություններ։

Շարժման մաս կազմող Հայաստանի հանրապետական կուսակցությունից էլ դեռ չեն շտապում հայտարարել՝ իրենք մասնակցելու են ընտրություններին, եթե այո, ապա առանձի՞ն, թե՞ այլ ձևաչափով։

«Ես բացառել-չբացառելու մասին չեմ ուզում որևէ բան ասել, կքննարկենք, բոլոր հարցերի պատասխանը կտանք, բայց մի բան ակնհայտ է` Հանրապետականը դիտորդ չի լինելու», -ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Իսկ արդյոք ԲՀԿ-ն չի՞ շեղվել «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգից՝ ընդունելով իշխանությունների առաջարկը առաջիկայում ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խուսափեց որևէ գնահատական տալ. «Դա ցանկացած քաղաքական ուժի որոշումն է: Ես չեմ կարծում, որ գոնե դուք ինձ ճանաչում եք, ես իմ քաղաքական կենսագրության ընթացքում որևէ քաղաքական ուժի որոշումների վերաբերյալ ոչ կոռեկտ հայտարարություններ չեմ արել»:

Առայժմ նաև հստակ չէ, թե իշխանությունն ընտրությունների գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական Ընտրական օրենսգրքով է գնալու: Իշխող ուժից հայտնում են` դեռ այդ հարցը որոշված չէ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է` մոտավոր հաշվարկով վարչապետ Փաշինյանը հրաժարական պետք է տա մինչ ապրիլի երկրորդ կեսը։

Արտահերթ ընտրություններ անցկացնելուն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսը։ Քաղաքական ուժը չի հայտնում՝ արդյոք մասնակցելու է այդ ընտրություններին, թե ոչ, սակայն շեշտում է՝ իրենց համար կարևոր է, որպեսզի դրանք անցկացվեն Ընտրական նոր օրենսգրքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG